Քարոզարշավում 71 խախտման ահազանգ է ստացել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»

Բաժանորդագրվել

Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ խախտումների քանակով 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների 78 առերևույթ խախտման մասին ահազանգ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ իրավաբանական խմբի հետ խորհրդակցության արդյունքում այդ դեպքերից առանձնացրել են 71-ը։

«16 դեպք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է, 12 դեպք՝ ատելության խոսքի, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության։ Հիշեցնեմ, որ այս ամենն ընդամենը 7-8 օրվա ընթացքում ենք ստացել։ 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում՝ 7 դեպք»,– ասաց Համբարձումյանը։

«Արդար քվե» դիտորդական առաքելությունը 2 դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված ՔՊ-ի կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտումների հետ։

«Մեկն այն է, որ ՀՀ վարչապետը պաշտոնական կայքէջով է իրականացնում իր ընտրարշավը, հաջորդը՝ առանց սեփականատիրոջ համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է մասնավոր տարածքներում։ Այս դեպքերով ԿԸՀ-ն վարչական վարույթ չի նախաձեռնել»,– մանրամասնեց Սոնյա Համբարձումյանը։

Հարցին, թե 71 խախտումների գերակշիռ մասն ո՞ր քաղաքական ուժին է վերաբերում, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը պատասխանեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Եթե միայն 16-ը պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին են, ապա թվերն արդեն վկայում են, որ խախտումները հիմնականում «Քաղաքացիական պայմանագրինն» են»,– ասաց Ավետիսյանը։

Բանախոսները տեղեկացրին, որ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ստեղծվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից։ Ըստ նրանց՝ դիտորդ դառնալու 119 հայտ են ստացել, սակայն ընդունել են 25-ը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment