Վարորդական իրավունքի վերականգնման նման մեխանիզմի առաջարկն ինքնին, նախընտրական փուլում, կարող է հարցեր առաջացնել. «Ականատես»

Ականատեսի օրագիր N16

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում 2026 թվականի մայիսի 16-ին գրառում է կատարել՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքը որոշակի պայմաններով՝ մեկ տարի անց առանց քննության վերականգնելու առաջարկության մասին։ Նույն օրը՝ ավելի վաղ, առաջարկը ներկայացվել էր Հանրապետության հրապարակում հավաքված վարորդական իրավունքից զրկված անձանց հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ներկայացված առաջարկը իրենց կողմից ընդունվելուց հետո կդրվի հանրային քննարկման և քվեարկության իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև հանրային աջակցություն ստանալու դեպքում՝ սեղմ ժամկետներում կիրագործվի։

16.05.2026թ․, ժամը 21:53-ին նշյալ առաջարկի վերաբերյալ Ն․Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քվեարկության համար տեղադրվել է հետևյալ հարցումը․ «Համաձա՞յն եք արդյոք վարորդական իրավունքից զրկված անձանց հարցի՝ նախորդ գրառմանս մեջ առաջարկվող լուծմանը»։ Քվեարկության համար սահմանվել է 48 ժամ։ Ստացված մոտ 22,000 պատասխանների 75 տոկոսը հավանություն է տվել նշված առաջարկին, իսկ 25-ը՝ ոչ։ Միևնույն ժամանակ՝ գրառման ներքո բազում են եղել տվյալ որոշման քննադատությունները և ճանապարհային անվտանգության հետ կապված մտահոգությունները:

ՀՀ վարչապետի կողմից իր էջում քվեարկության դրված հարցի շրջանակներում չի ներկայացվել վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքը առանց քննության վերականգնելու իրավաչափության և փաստարկվածության վերաբերյալ որևէ հիմնավորում։ Այսպիսով, հանրային անվտանգությանը վերաբերող խիստ մասնագիտական որոշումը դուրս է բերվել պետական մարմինների քննարկման և իրավական ընթացակարգերի տիրույթից՝ վերածվելով առցանց քվեարկությամբ որոշման ենթակա հարցի։

Վարորդական իրավունքի վերականգնման նման մեխանիզմի առաջարկն ինքնին, նախընտրական փուլում, կարող է հարցեր առաջացնել դրա ժամանակային հիմնավորվածության վերաբերյալ, քանի որ ընտրական գործընթացների նկատմամբ կիրառվող միջազգային չափանիշները սահմանում են, որ պետությունները պետք է ապահովեն վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործումը և զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ընտրողների աջակցությունը խթանելու միջոց։

Այս տեսանկյունից ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ընդունվող սոցիալ-տնտեսական բնույթի որոշումները կարող են ստեղծել ընտրողների վրա ազդեցության կամ նման ազդեցության ընկալման ռիսկեր։

«Ականատես» դիտորդական առաքելության գնահատմամբ՝ վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց է վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment