Ասել, որ Փաշինյանի քարոզչական նկարը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի առեղծվածային մահվան դեպքը սահմռկեցուցիչ է, կնշանակի՝ ոչինչ չասել: Հանրությանը ցնցած, բայց փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես չանհանգստացրած ահավոր եղելության հիմնական դրվագները հետևյալն են: Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված է եղել Փաշինյանի քարոզչական պաստառ պոկելու համար, Քննչական կոմիտեում այդ փաստով եղել է հարուցված վարույթ, բայց մարդուն դեռ մեղադրանք ներկայացված չի եղել: Նա ձերբակալվածի կարգավիճակով պահվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում: Այնտեղ, ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման, մայիսի 16ին, ժամը 9:30-ի սահմաններում «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, բժշկի ցուցումով ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Ապա Նուբարաշենի հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:
Կար մարդը: Չկա մարդը: Հասցրեցին ինքնասպանության:
Եվ խնդիրը կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղին հարցադրումները չեն նույնիսկ: Ամենից խայտառակ, սարսափելի և իրապես սահմռկեցնողն այն է, որ փաշինյանական իշխանությունը դրսևորեց զրո ապրումակցում, զրո կարեկցանք: Ո՛չ մի ցավակցություն, ո՛չ մի մեղքի զգացում, ո՛չ մի վատ զգալ նույնիսկ:
Մա՛րդ է մահացել: Իշխանության մեղքով: Իշխանության հսկողության տակ գտնվող, այն էլ՝ հատո՛ւկ հսկողություն պահանջող հաստատությունում մարդը կյանքին վերջ է տվել: Ու… ոչի՞նչ: Ոչ մի բա՞ն: Միայն «չոր» հաղորդագրությո՞ւն: Էս լո՞ւրջ եք ասում, թե՞ ձեռք եք առնում:
Փաշինյանը, ասես ոչինչ չի պատահել, բարձրախոսն առած, թաղեթաղ է ընկել, կիսաբեռնատարի (պիկապի) թափքից քարոզ է անում: Բայց հենց իր նկարը պոկելու համար էին մարդուն տարել ու ՁՊՎ գցել: Իր ենթակայության տակ գտնվող ոստիկանները: Իր հրամանները կատարող Քննչական կոմիտեն: Իր առողջապահության նախարարի ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանում է մարդու մարմինը կախված վիճակում հայտնաբերվել: Ու՝ ոչ մի խո՞սք: Ոչ մի ցավակցությո՞ւն: Ոչ մի պատժվա՞ծ:
Միայն ՄԻՊ-ը, որ համառորեն լռում է իշխանության կողմից մարդկանց իրավունքների համատարած ոտնահարումների դեպքերում, այս անգամ հիշեցրեց իր գոյության մասին ու հայտարարություն արեց, թե իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի: Ոչ թե՝ արդեն պահանջել է, այլ՝ դեռ կպահանջի: Դե, կպահանջի, էլի՜…
Սա է փաշինյանական իշխանության նկարագիրն ու բնութագիրը՝ զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրոյական խիղճ (եթե առհասարակ ունեցել են):
Դրոշի ճմռթվածության կամ «վարչապետի դիմաց զգաստ չկանգնելու» համար մարդկանց վայրկենապես «գործից ազատող» Փաշինյանը այս մահվան համար իր ոչ մի ենթակայի կարգի չհրավիրեց: Սա էլ արձանագրենք:
Բայց մյուս կողմից՝ մի՞թե Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը մշտապես էլ թքած չեն ունեցել ցանկացած հայ մարդու կյանքի և առողջության վրա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: