Չծիծաղել. թիրախում մանկությունն է

Մամա դառնալուց հետո կյանքն առաջվա պես թեթև տանել չի լինում, չգիտեմ՝ ես եմ կորցրել հումորի զգացումս, թե իրականում պետք չի ծիծաղել այնտեղ, որտեղ հարկավոր է լինել զգույշ։ 
Մի թրենդ է շրջում սոցիալական մեդիայում, որտեղ անչափահասներին  անում են տարիքին ոչ համապատասխան էսթետիկ  միջամտություններ՝ առիթ տալով բազմաթիվ բացասական մեկնաբանությունների. օրինակ՝ ներարկումներ, պերմանենտ դիմահարդարում և այլն։ Բազմաթիվ մեկնաբանություններից ու տարածումներից հետո, ժամանակակից լեզվով ասած՝ «հայփ բռնելուց հետո» հայտնվում է հեղինակը և ասում, որ սա կատակ էր։ 
Հայ մասնագետները ևս ետ չեն այս թրենդներից։ Վերջերս Ինստագրամի հայկական տիրույթում հանդիպեցի նմանօրինակ մի տեսանյութի, որտեղ մայրն իր 8 տարեկան երեխային իբր հոնքերի պերմանենտ է անում՝ «քանի-որ ժամանակակից մամա է», վերջում նշում՝ «15 տոկոս զեղչ՝ մինչև 15 տարեկանների համար»։ Բազմաթիվ բացասական արձագանքներից  հետո հեղինակը ռիլի մեկնաբանությունների դաշտում գրում է, որ տեսանյութը հումորային բնույթի է, իր աղջիկը չի տուժել։ Այն, որ դա «զուտ նկարահանում» է, չի թեթևացնում մեղքը, այլ հակառակը՝ հաստատում է, որ հեղինակը գիտակցաբար գնացել է մանիպուլյացիայի, որպեսզի «աղմուկի» միջոցով վաճառքներ ապահովի՝ թիրախավորելով ամենախոցելի խմբին՝ անչափահասներին և նրանց ծնողներին։
Հաճախ, երբ հանդիպում ենք նմանօրինակ «հումորային» տեսանյութերի, մեր առաջին բնազդը ժպտալն է կամ պարզապես էկրանը թերթելը՝ կարծելով, թե դա ընդամենը թեթև ժամանց է։ Սակայն կան սահմաններ, որտեղ լռությունը կամ անտարբերությունը դառնում են լուռ համաձայնություն։
Մենք չենք կարող աչք փակել նման բովանդակության վրա, որովհետև խոսքը ոչ թե պարզապես մարքեթինգի, այլ երեխայի անձեռնմխելի աշխարհի մասին է։ Երբ երեխայի կերպարը դառնում է գործիք՝ մեծահասակների բիզնես շահերը առաջ մղելու կամ «դիտումներ» հավաքելու համար, մենք կորցնում ենք ամենակարևորը՝ երեխային պաշտպանված և անհոգ թողնելու մեր հավաքական պատասխանատվությունը։
Այսօրվա «անմեղ» հումորը վաղը ձևավորում է մի սերունդ, որը սեփական արժեքը չափելու է միայն արտաքին շտկումներով և էկրանային հավանություններով։ Այդ պատճառով, այս հարցին անդրադառնալը ոչ թե քննադատելու ցանկություն է, այլ պայքար՝ հանուն այն սահմանի, որից այն կողմ մանկությունն է։
Նախ, սկսենք նրանից, որ գովազդի մասին օրենսդրությունը և միջազգային էթիկական նորմերը խստորեն սահմանափակում են երեխաների ներգրավումը այնպիսի ծառայություններում, որոնք բնորոշ չեն իրենց տարիքին։ Հետո, երբ գովազդում նշվում է «մինչև 15 տարեկանների համար 15% զեղչ», սա բացահայտ մարքեթինգային հնարք է՝ ուղղված անչափահասներին կամ նրանց ծնողներին։ Սա կարող է դիտարկվել որպես երեխաների անփորձության կամ դյուրահավատության չարաշահում։ «Ժամանակակից մամա» կերպարի օգտագործումը փորձում է նորմալացնել մի միջամտություն (պերմանենտ դիմահարդարում), որը բժշկական և էսթետիկ տեսանկյունից 8 տարեկան երեխայի համար որևէ անհրաժեշտություն չունի։ Երեխային մեծահասակների գեղեցկության ստանդարտներով ներկայացնելը խլում է նրանից բնական մանկությունը՝ դարձնելով նրան կոմերցիոն օբյեկտ։
Եվ բացի այս ամենը կա թվային անվտանգության հարցը. նման հակասական բովանդակությունը միշտ առաջացնում է ագրեսիվ քննարկումներ։ Երեխայի դեմքը դարձնելով այդ քննարկումների կենտրոն՝ նրան դնում են  հարվածի տակ։
Գովազդը գոյություն չունի վակուումում. այն ձևավորում է մշակույթ։ Գովազդը հանրությանը հաղորդագրություն է հղում, որ «նորմալ է» երեխային ներգրավել էսթետիկ միջամտությունների դաշտում, նույնիսկ եթե դա խաղ է կամ բեմադրություն։ Դիտողը չգիտի, որ նա «զուտ նկարվել է», նա տեսնում է պատրաստի պրոդուկտը։ Այստեղ թերևս հավելեմ, որ անգամ ես ու իմ միլենիալ ընկերները տեսանյութը դիտելիս  չէինք հասկացել, որ միջամտություն չի արվել, էլ ինչ սպասել մշտապես իրենց արտաքինից դժգոհ անչափահասներից։ Եթե սա ներկայացվում է որպես «հումոր», ապա գործ ունենք նուրբ, բայց միևնույն ժամանակ  վտանգավոր մարքեթինգային գործիքի հետ՝ «Rage Baiting» (բարկություն հրահրող բովանդակություն)։ Սա այն դեպքն է, երբ հեղինակը գիտակցաբար ստեղծում է հակասական կոնտենտ, որպեսզի մարդիկ բարկանան, մեկնաբանություններ գրեն, տարածեն ու այդպիսով ալգորիթմները «թռցնեն» ռիլը։
Մարքեթինգում հաճախ են օգտագործում հումորի շղարշը՝ էթիկական սահմանները խախտելու համար։ Երբ մասնագետին քննադատում են, նա միշտ կարող է ասել՝ «դե հումոր էր, չեք հասկանում»։ Սա թույլ է տալիս տարածել վնասակար գաղափարներ (օրինակ՝ երեխաներին պերմանենտ անելը)՝ միաժամանակ խուսափելով մասնագիտական պատասխանատվությունից։ Հումորը ջնջում է լրջության սահմանը։ 
Դիտող երեխայի կամ դեռահասի համար, ով չունի ձևավորված քննադատական ֆիլտր, սա ընկալվում է որպես «նորմալ/ընդունելի» երևույթ, այլ ոչ թե կատակ։Հեղինակը գիտի, որ երեխայի մասնակցությամբ նման թեման միշտ բուռն արձագանք է առաջացնելու (բացասական կամ դրական)։ Օգտագործել երեխայի կերպարը՝ հանրային բարկություն հրահրելու և դրա հաշվին դիտումներ հավաքելու համար, էթիկապես շատ խնդրահարույց է։
Անկախ նրանից՝ դա հումոր է, թե ոչ, երեխան դառնում է թիրախ։ Համացանցային «հումորը» հաճախ դաժան է, և երեխան կարող է դառնալ ծաղրանքի կամ ատելության  օբյեկտ՝ ընդամենը  բիզնես-էջի «ակտիվության» համար։
Նույնիսկ եթե դա հումոր է, գովազդի մեջ առկա է «Subliminal Messaging» (ենթագիտակցական հաղորդագրություն)։ Երբ անընդհատ կատակներ են արվում մի թեմայի շուրջ, որը պետք է լիներ տաբու (օրինակ՝ անչափահասների էսթետիկ միջամտությունները), հասարակության մեջ այդ երևույթի նկատմամբ զգոնությունը թուլանում է։ Այսօր հումոր է, վաղը՝ սովորական ծառայություն։
Սա անբարեխիղճ գովազդի ավելի բարդ տեսակ է. եթե սա սուտ է (արդյունք չկա)՝ խաբեություն է։ Եթե հումոր է, ապա երեխայի շահագործում հանուն ռեյտինգի։ Եթե կա զեղչի առաջարկ, էթիկապես անընդունելի թիրախավորում է։ Ամեն դեպքում՝ սա վնասող քոնթենթ է, քանի որ այն օգտագործում է երեխային՝ մեծահասակների աշխարհի խնդիրները (բիզնես, դիտումներ, էսթետիկ ստանդարտներ) լուծելու համար՝ անտեսելով երեխայի հնարավոր հոգեբանական և սոցիալական վնասները։ 
Մինչ ասելը, թե «ո՜ւֆ դե, հումորային ռիլ էր, ինչո՞ւ եք այսքան բարդացնում կյանքը», մի պահ մտածեք՝ պատրա՞ստ եք ծիծաղել, երբ հումորի թիրախը երեխայի անվտանգությունն է։ Ի վերջո, այս երեխաները մեծանալու են՝ «երեխաները պարտավոր են մեծանալ», բայց այս տեսանյութերը մնալու են համացանցում, կա թվային անջնջելի հետք։ Ու քանի դեռ համացանցը հիշում է ամեն ինչ, եկեք հիշենք ամենակարևորը՝ մեծանալու ճանապարհին երեխան պետք է ունենա թիկունք, այլ ոչ թե թիրախ դառնա։
Թեհմինա Հարությունյանը նախկին լրագրող է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Leave a comment