Վարորդի գործը պատասխանատվության մասին է, հրշեջ-փրկարարական մեքենայի վարորդի դեպքում` բազմակի պատասխանատվություն, երբ վայրկյանների ընթացքում արագ որոշումներ կայացնելու կարողություն է պետք և գիտակցում՝ անգամ ուշացած ակնթարթը կարող է ճակատագրական լինել։
Այսպես է բնորոշում իր աշխատանքը Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Գևորգ Խաչատրյանը, ով արժանացել է 2025 թվականի Փրկարար ծառայության լավագույն վարորդի կոչմանը։
Պատմում է, որ մեքենա վարելու դասերը ստացել է հորից և ավագ եղբորից, իսկ զինվորական ծառայության ընթացքում կատարելագործել է հմտությունները։ Համակարգում ծառայության անցնելու որոշումը բանակում էր կայացրել։
«Թե՛ կանչի գնալիս, թե՛ կանչից վերադառնալիս վարում եմ նույն պատասխանատվությամբ։ Կանչի գնալիս շտապում ենք, որպեսզի հնարավորինս արագ օգնության հասնենք։ Իսկ վերադառնալիս ուզում եմ հրշեջ-փրկարարներին արագ հասցնել ջոկատ, որ հանգստանան։ Հետո նորից վերազինենք տեխնիկան և պատրաստ լինենք հաջորդ կանչին։ Վարորդը պետք է զգա մեքենան, հասկանա տեխնիկայի լեզուն, ու միշտ զգոն լինի»։
Տարիների ընթացքում հարյուրավոր կանչերի է մեկնել՝ խոշոր հրդեհներից մինչև ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Ծանր ու ցավոտ դեպքերի մասին խոսել չի սիրում, փոխարենը հիշում է այն պատմությունները, որոնք բարեհաջող ավարտ են ունեցել։
«Նուռնուս գյուղի բնակչուհին գնացել էր բանջար հավաքելու։ Ոտքը սայթաքել էր, և մոտ 30 մետր բարձրությունից գլորվել էր ձորը և կոտրվածքներ ստացել։ Բարեբախտաբար, հեռախոսը մնացել էր մոտը, և կինը կարողացել էր զանգել Փրկարար ծառայություն։ Մասնակցել եմ նրան տեղափոխելու աշխատանքներին։ Շատ էր վախեցել, անընդհատ շնորհակալություն էր հայտնում․ չէր հավատում, որ նման բարձրությունից ընկնելուց հետո ողջ է մնացել»,- պատմում է Գևորգ Խաչատրյանը։
2025 թվականի լավագույն վարորդ ճանաչվելու բարձր գնահատականը Գևորգ Խաչատրյանն ավելիին ձգտելու խթան է համարում։
«Համակարգում ծառայելն ինձ տվել է կայունություն, սոցիալական երաշխիքներ, մասնագիտական աճի հնարավորություն։ Թեև դեռ չեմ ատեստավորվել, բայց առաջիկայում ծրագրում եմ»,-ասում է Գևորգ Խաչատրյանն ու անկեղծանում՝ «Ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց»։
Լինել փրկարար վարորդ՝ նշանակում է լինել առաջինը վտանգի ճանապարհին։ Դա աշխատանք է, որը պահանջում է ամուր նյարդեր, նվիրում, մարդկային բարձր հատկանիշներ, որպեսզի վտանգի մեջ գտնվողը վստահ լինի, որ օգնությունը ճանապարհին է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: