Երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած հերթական սադրանքն էր։ Հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։
«Պահանջում ենք մեր աջակիցների անհապաղ ազատ արձակումը, որովհետև էս տեսանյութը գալիս է վկայելու, որ որևէ հիմք չկար նրանց ձերբակալման և նրանց նկատմամբ էս դրվագով գործ հարուցելու համար»,– նշում է Մելոյանը։
Նրա ներկայացրած տեսանյութում երևում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն իրենք են մոտենում իրազեկման ակցիա իրականացնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներին։
«Առաջին՝ կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ 2-րդ՝ մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էր և որևէ կերպ չէին խանգարում ՔՊ–ի քարոզարշավին, ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Բայց նրանք գալիս են ու սադրում, ինչի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» 10 համակիր բերման է ենթարկվում ու ձերբակալվում»,– նշում է Մելոյանը։
Նա հավելեց նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների թիվն ընդհանուր առմամբ արդեն հասնում է 300–ի։
Հիշեցնենք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում գրանցված միջադեպի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը հոդվածով։
Sputnik Արմենիա