Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մարզային քարոզարշավների ու բնակիչների հետ հանդիպումների տեսագրությունները մանրամասն մշակվում ու մոնտաժվում են։ Բայց խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած նման մի հանդիպման աուդիո-ձայնագրությունը՝ չմոնտաժված տարբերակով, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
– Բարև ձեզ, ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Յա, էս ի՞նչ սիրուն էրեխա յա, բալիկ ջան, արի քեզ գրկեմ։ Դպրոցում ե՞ս սովորում, ո՞ր դասարան ես։ Բա ինչի՞ դասի չես։ Հա, դասերից հանել են, նստացրել ավտոբուս, բերե՞լ։ Բայց զոռով չեն, չէ՞, բերել, ոտքերիցդ-ձեռքերիցդ չեն բռնել շպրտել ավտոբուսի մեջ։ Ապրես, ապրես։ Արդեն հաշվել գիտե՞ս, մեկ, երկու․․․ Շատ ապրես, բայց մենակ հայերենը քիչ ա, մեր հարևանների լեզվով է՛լ սովորի։ Իքի-բիր։ Ալե՛ն, «իքի-բիր» ասեցի՝ հիշեցի, էս մեր խմբակցության ժողովուրդն ու նախարարներն ո՞ւր են։ Դաժե Սուրեն Պապիկյանը չկա, բա էս ա որ կողքի գյուղում խաշլամա ուտենք, ոսկորները ո՞ւմ ափսեում եմ դնելու։
Համեցեք, տիկին, եթե հարց ունեք՝ տվեք։ Մի վայրկյան, խեղդվեցի․․․ Աննան ինչի՞ չի մասնակցում։ Դե, ճիշտն ասած՝ ես չառաջարկեցի, որովհետև եթե ծյոծյաներն ինձ որտեղ բռնում՝ փաթաթվում-պաչպչում են, կարող ա ձյաձյաներն էլ իրե՛ն գրկեին-պաչպչեին։ Տիկին, մի րոպե։ Տիկին, էդ ի՞նչ եք ցույց տալիս, տիկին, էդ սրտիկ չի, էդ ուրիշ բան ա․․․
Էն ո՞վ ասեց «Արցախ», մի հատ հլը զբաղվեք դրանով։ Տեսեք որ ոլորտից ա՝ գործից հանեք։ Հետո՞ ինչ, որ սովորական գյուղացի ա, գյուղացի ա՝ թող գյուղնախարարը զբաղվի։ Հա, ճիշտ ա, մենք գյուղնախարար չունենք, մոռացել էի։ Դե, վոբշըմ մի բան արեք, ես պիտի՞ սովորացնեմ։ Գալուց առաջ էլ քաշած արաղ ա խմել․․․ մենակ-մենակ․․․
Էն գլխավոր դատախազն ո՞ւր ա։ Ա՛յ կնիկ, բուկլետ բաժանելու վախտ ե՞ս գտել, արի տեսնեմ էս ընթացքում քանի՞ գաղտնալսում եք արել, քանի՞ հոգու եք կալանավորել․․․ Ո՞նց թե նախաքննության գաղտնիք ա։ Լա՛վ, թիվը գաղտնիք ա՝ տոկոսով ասա, պլանի քանի՞ տոկոսն եք կատարել։ Ալեն, դու մի՛ ոգևորվի, խոսքը ուրիշ պլանի մասին ա։
Արի, տատի, արի տեսնեմ ինչ հարց ունես։ Ո՞նց թե «մարզպետն ասել ա հեռախոսը վեկալ, գնա հետը սելֆի արա, արի հազար դրամդ ստացի, Լեննականի տոմս առ»։ Նախ և առաջ՝ Լեննական չի, Լառնակա յա, երկրորդն էլ՝ լարով հեռախոսը սելֆի չի անում։ Տատի ջան, սպասի․․․ Տատի ջան, բոլոր հարցերը կկարգավորենք․․․ Մարզպետը ո՞ւր ա, մի հատ էս տատիկին սուբվենցիոն պարգևավճար տվեք։
Յա՛, էս կարկուտ սկսվե՞ց։ Սիրելի ժողովուրդ, գիտեմ, որ հիմա ասելու եք կարկուտն էկավ, մեր պոմիդոր-վարունգի բերքը փչացրեց․․․ Դդումի է՞լ։ Ալենչո, էն Արոյին ասա դու մեզ մի՛ նայի, մտի զոնտիկի տակ։ Լավ, ժողովուրդ ջան, կարկուտը ուժեղանում ա, էկեք մի հատ շենք գտնենք, մտնենք մեջը։ Էս ի՞նչ սիրուն շենք ա, էս ի՞նչ ա։ Դպրոց ա՞։ Հլը չենք փակե՞լ։ Ժա՛ննա․․․ Տիկի՛ն Անդրեասյան․․․ Ա՛յ կնիկ, բուկլետ բաժանելու վախտ ե՞ս գտել․․․
Ցավոք՝ փակ տարածք մտնելուց հետո ձայնագրելն անհնար է դարձել։