Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցները աչք են փակում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզարշավի 10–րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված անձ, մի քանի տասնյակ կալանավորված անձիք ու բազմաթիվ քրեական գործեր։ Այս մասին այսօր Չարենցավանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։
Նա հիշեցրեց երեկ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած դեպքն ու հավելեց, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ՔՊ–ի պաստառը պոկելու համար։
«Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է, բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալեն են, տարել են ՁՊՎ, հետո էլ հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո նրան գտել են կախված։ Ինչի՞ համար, որ ՔՊ–ի պաստա՞ռն ա պոկել…»,– ասաց Խամոյանը։
Նա նաև մեկ այլ դեպք պատմեց քարոզարշավի ժամանակ պաստառներ վնասելու հետ կապված։ Պարզվում է` ևս մեկ կնոջ էլ երեկ բերման են ենթարկել ՔՊ–ի պաստառի վրա խաչ քաշելու համար, սակայն հետագա աղմուկից հետո բաց են թողել։
Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցներն աչք են փակում նման միջադեպերի վրա միայն նրա համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է իրենց շահը։