Իրանը Հայաստանից երաշխիքներ է ստացել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ

Երևանը Թեհրանին հավաստիացրել է, որ TRIPP-ի իրականացումը չի հանգեցնի սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկացի զինվորականներ այդ տարածքում չեն տեղակայվի։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով եռակողմ հայտարարությունը։

Բաղային նշել է, որ իրանական կողմն անհապաղ Հայաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի մասնակցությամբ նախագծի իրականացման հնարավոր հետևանքների առնչությամբ իր մտահոգությունների մասին։

Նա ընդգծել է, որ Թեհրանը աջակցում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պնդում է, որ նման նախագծերը չպետք է հանգեցնեն միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության։

«Իրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, քանի որ ԱՄՆ-ի ներկայությունն ու միջամտությունը տարածաշրջանի գործերին մշտապես ուղեկցվում են անկայունությամբ և անվտանգության սպառնալիքներով», — նշել է նա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Երևանի հետ և մտադիր է իր նկատառումները բացահայտ ներկայացնել համապատասխան կողմերին, եթե դա պահանջեն Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերը։

NEWS.am

Leave a comment