«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը։ Եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ։ Եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն։ Եռապատերազմի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է գալիս իրենց վրայից։ Իրենց իշխանության գալուց մեկուկես տարի անց ու մինչև այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմն է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ պատերազմի քամիները բերեցին ու չեն կարողանում այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ու ՀՀ մի շարք հասարակական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային ուժերը կարող են հասնել նրան, որ ՀՀ-ում վերջնականապես վերականգնվի խաղաղությունը։
«Ինչ կար տալու` այս մարդը տվել է։ Հիմա հարևան երկիրը ցանկանում է ձգել խաղաղության պայմանագիրը, զգացել է նոր զիջումների հոտը։ Պետք է կանգնեցնել զիջումները, այդ ժամանակ խաղաղություն կլինի»,- ասաց նա։
Հարցին, թե որն էր պատերազմի պատճառը, Կարապետյանը նշեց երկու պատճառ՝ տնտեսական և կազմակերպչական։
Իսկ դավաճանություն եղե՞լ է հարցին՝ նա պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը կտա քննությունը, երբ այն անցկացվի։
«Դա շատ վտանգավոր ու կարևոր մեղադրանք է։ Մեծ քննություն է լինելու, և ճշմարտությունն իմանալու ենք։ Սա հանցավոր անմեղսունակությո՞ւն էր, հանցավոր ինքնավստահությո՞ւն, թե՞ ուրիշ բան էր՝ դավաճանական առումով։ Քանի դեռ այս մարդիկ այսօր ղեկավարում են մեր արտաքին քաղաքականությունը, Հայաստանի վրայով միշտ գնալու-գալու են պատերազմի քամիները։ Միշտ պատերազմով վախեցնելու են, պատերազմով գնալու են ընտրության, պատերազմով գնալու են զիջումների։ Այդ բառը մեր օրակարգից դուրս չի գալու»,- նշեց Կարապետյանը։
Անդրադառնալով իրազեկման ակցիաներին՝ Կարապետյանն ասաց.
«Մեր հանրության մեծ մասը չգիտի՝ ինչ է կատարվում Սահմանադրության ուղղությամբ։ Մարդիկ չգիտեն՝ Ալիևի պահանջով ուզում են Սահմանադրություն փոխել։ Ով իմանում է այդ մասին, իր դեմ դիրքորոշումն արտահայտում է։ Հանրային աջակցությունն ընդդիմադիր գործիչներին այս պահին ամենակարևոր բանն է։ Մեր հանրությունը մեր կողքին պետք է կանգնի։ Պետական ապարատի քայլերի դեմ հանրությունը պետք է մեզ աջակցի»։
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: