Հայաստանը սիրիացի դատապարտյալներին փոխանցել է իրենց հայրենիք՝ հետագա պատիժն այնտեղ կրելու պայմանով․ նախարար

Գալյանն անդրադարձել է Հայաստանի կողմից սիրիացի  դատապարտյալների փոխանցմանը


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստանի կողմից սիրիացի դատապարտյալների փոխանցմանը։


«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, և հարցը կարգավորվել է քրեական վարույթներով, իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է պրոցեսը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա», – ասել է Գալյանը։ 


Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է՝ գնահատելով առկա հնարավորությունները, ինչպես նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու և Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելի արդի դարձնելու նպատակով։


Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրվել հենց Թուրքիայի ճանապարհը, նախարարը հայտնել է, որ իրենք գնահատել են փոխանցելու ճանապարհները և քննարկվել են նաև այլ ճանապարհներ։ 


«Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում, և ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում ևս ընտրվել է այդ ճանապարհը, և վստահաբար չկա որևէ արգելք որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել», – նշել է նախարարը։ 


Գալյանը վստահեցրել է, որ պրոցեսը միայն իրավական է եղել, և Հայաստանին է թողնված եղել գնահատել հայեցողությունը՝ արդյոք արժի փոխանցել դատապարտյալներին, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե ոչ։ 


«Մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումն իրականացնել հիմա։ Այլ հարց է, թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել», – նշել է Գալյանը։ 


Նրա խոսքով՝ խիստ կարևոր է, որ գործընթացն ունի իրավական հիմք և պրոցեսուալ առումով ևս իրավական է։


Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը 2020 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ քրեական գործերի շրջանակում կալանավորվել են Սիրիայի քաղաքացիներ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին:


Ըստ քննության տվյալների՝ նրանք Թուրքիայի տարածքով Ադրբեջան են փոխադրվել 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և վարձատրության դիմաց կռվել են Ադրբեջանի զինված ուժերի կազմում՝ մասնակցելով Արցախի զինվորականների և խաղաղ բնակչության դեմ իրականացված մարտական գործողություններին ու հանցագործություններին։ Նրանց առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։

Leave a comment