ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան և նիգերիական ուժերը համատեղ հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլոբալ կառույցի առանցքային դեմքերից մեկին։
Թրամփի խոսքով՝ գործողությունն իրականացվել է իր հանձնարարությամբ և եղել է «մանրամասն պլանավորված ու չափազանց բարդ»։
Խոսքը վերաբերում է Աբու-Բիլալ ալ-Մինուկիին, ում Թրամփը բնութագրել է որպես ԻՊ-ի համաշխարհային հիերարխիայի «երկրորդ մարդ» և «աշխարհի ամենաակտիվ ահաբեկիչներից մեկը»։
«Նա կարծում էր, թե կարող է թաքնվել Աֆրիկայում, սակայն չգիտեր, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք տեղեկացնում էին նրա գործողությունների մասին»,-նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ալ-Մինուկին այլևս չի կարողանա «ահաբեկել Աֆրիկայի ժողովուրդներին և մասնակցել ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը»։
Թրամփը նաև հայտարարել է, որ այդ գործողությունից հետո ԻՊ-ի գլոբալ գործունեությունը «էականորեն թուլացել է»։
Վերջում նա շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ իրականացված օպերացիայի շրջանակում համագործակցության համար։