Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն․ նախագիծ

Նախագծով առաջարկվում է բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր դարձնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն, ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է Armed ծրագրային համակարգում, և արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ:


Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 


Նախագծով առաջարկվում է բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր դարձնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը։ 


Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունը պարտադիր կլինի նաև այն դեպքում, երբ վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով։ 


«Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով», ասել է Վարդանյանը: 


Առաջարկվում է նաև ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը, որը ցույց կտա, թե որ ծառայություններից է օգտվել քաղաքացին և որքան է վճարելտվյալ ծառայության համար։ 


«Սա նաև վերահսկողական գործիք է», – նշել է պատգամավորը։ 


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։


Leave a comment