ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր

Քաղաքականություն

15.05.2026 | 22:08

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելով ԱԺ առաջիկա ընտրությունների կազմակերպման, ընտրողների ցուցակների ձևավորման և դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։

«Արմեն Ղազարյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ նշելով, որ նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի արդեն հրապարկվել են։

Փոխնախարարը անդրադարձել է նաև ընտրողների տվյալների ճշգրտման և վերջնական ցուցակների կազմման ընթացակարգերին։ Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրողների տվյալների ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչն ընդգծել է, որ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, այլ միջազգային չափանիշներին և Հայաստանի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացնել ընտրական գործընթացի համապարփակ վերլուծություն։

Դիտորդական առաքելության աշխատանքի պատշաճ կազմակերպման տեսանկյունից՝ Յանեշ Լենարչիչը կարևորել է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment