«Դատարանում վկաները պետք է իրողությունը պատմեին, ոչ թե իրար մերժեին». փաստաբանը՝ Հովիկ Աղազարյանի դատական գործի մասին

Հակակոռուպցիոն դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝  «ոչխարների գործ» պայմանական անունը ստացած գործի արդեն երկրորդ դատական նիստերում հարցաքննվում են վկաները;

Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանի խոսքով, վկաները մեկը մյուսին հակասող, իրարամերժ ցուցմունքներ են տալիս։ «Մասնավորապես, պարզվում է, որ 200 հազարից 100 հազար դոլարը վերածվել է «ոչխար» առարկայի։ Այսինքն, խոսքը դրամի մասին չէ։ Սա վկաներից մեկն է շեշտադրել։ Այսինքն, կարող է գալ մի փուլ, երբ կհասկանանք, որ գումարի մասին ընդհանրապես խոսք չի գնացել։ Ավելին, վկաներն այն աստիճանի հակասությունների մասին են խոսում, որ չեն հիշում ով՝ ում հետ է մոտեցել իմ պաշտպանյալին, ով է մասնակցել այդ գումարն ուզելուց… Պարզվում է, որ Հովիկ Աղազարյանը որեւէ գումար չի ուզել, պարզվում է, որ մեկն անկապ թվեր է ասել։ Հետեւաբար, առհասարակ պարզ չէ, թե այս գործն ինչի մասին է։

Ես որպես պաշտպան կրկին պնդում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, սա դատական գործընթացի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ դատարանում պետք է համենայն դեպս, իրողությունը պատմեին, ոչ թե իրար մերժեին»,-Aravot.am-ին ասաց Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment