Այս հաղթանակը միայն իմը չէ. Սարգիս Ստեփանյանը 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուդապեշտում ընթացող պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում նստած դիրքում, 80 կգ և ավելի քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը նվաճել է ոսկե մեդալը՝ 6-րդ անգամ հռչակվելով Հին մայրցամաքի չեմպիոն։

Հաղթանակի մասին լուրը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է ինքը` Սարգիս Ստեփանյանը։

«Այս հաղթանակը միայն իմը չէ։Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ», – տեսանյութից կից գրել է Ստեփանյանը։

Սարգիս Ստեփանյանը նաև աշխարհի Պարաբազկամարտի առաջնություն քառակի չեմպիոն է։

Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը Հայաստանի զինված ուժերում ծառայել է որպես հետախույզ, ունի գնդապետի կոչում։ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։

Sputnik Արմենիա

Leave a comment