ԵԱՏՄ-ն քննարկում է ընդհանուր էներգետիկ շուկայի տարրերի ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում քննարկվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի որոշակի տարրերի ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հնարավորությունը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին նշվում է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Նախարարությունը հիշեցրել է, որ 2024 թվականին որոշում է կայացվել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը 2025 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

«Միևնույն ժամանակ՝ ԵԱՏՄ-ն քննարկում է նաև որոշակի շուկայական տարրերի, այդ թվում՝ կազմակերպված առևտրային մեխանիզմների ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հնարավորությունը», – նշվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ «ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ներդրումը պահանջում է անդամ պետությունների կողմից հետագա համակարգված աշխատանք՝ ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու, առկա խոչընդոտները վերացնելու և շուկայի գործունեության միասնական մոտեցումներ մշակելու համար»։

 

Leave a comment