Միգուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան, և քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը»․ Լևոն Զուրաբյան

«Շատ լավ է, որ մեր այս կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ, բայց ես դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականության, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին… հենց այդ պատճառով ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան ջարդված և նվաստացած վիճակում, բայց սա մի կողմ։

Սա Վանո Սիրադեղյանի մասին ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով՝ լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև, երբ ընդամենը պետք էր, որ Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից, հետապնդումներից, որ պետականորեն իրականացվել էին նրա դեմ, նա փոխանցեց Վանո Սիրադեղյանին մեկ մեսիջ՝ ասաց. «Արի, մեկ է՝ պիտի նստես, հետո կարող է ամնիստիա անեմ»։ Այ դա սպանեց Վանո Սիրադեղյանին։

Եվ ես հիմա մտածում եմ՝ միգուցե Վանո Սիրադեղյանը իրականում հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան, և քո ամբողջ այդ «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»,- ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ նշել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արված որոշ արտահայտություններին։

Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը նշել էր. «Մեր ժողովրդի առողջության մասին ընդհանրապես մի միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուս-ուսի տված կանգնել և մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը։ Եվ դա է պատճառը նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր քաղաքական ուժը բառիս բուն իմաստով զրո էլ չի՝ մինուս քսանհինգ է։ -25. դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական…

Վանո Սիրադեղյանը մի շատ լավ արտահայտություն էր արել ուրիշ առիթով, ուրիշ մարդկանց առիթով։ Ո՞վ կմտածեր, որ այդ ասածի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Վանո Սիրադեղյանն այսպիսի մի արտահայտություն էր արել. «Շատ կարդացած, քիչ հասկացած»… Հետադարձ կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի է ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ինքը թերևս ամենաշատն էր ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես ուղիղ ասում եմ՝ չգիտեմ, դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի թե չլինի, բայց «շատ կարդացած, քիչ հասկացած»՝ սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է»։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment