Քաղաքականություն
14.05.2026 | 21:53
Ադրբեջանի Քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարվող անձանց թարմացված ցուցակը։ Այն ներառում է 328 անձ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զեկույցի համաձայն՝ նրանցից 15-ը կանայք են։ Ցուցակում ընդգրկված բոլոր անձինք բաժանված են 12 կատեգորիայի՝ ըստ իրենց գործունեության։ Ամենամեծ խումբը կազմված է կրոնական հավատացյալներից՝ 182 անձ։ Ցուցակում նաև ընդգրկված են ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության 44 ներկայացուցիչներ, 31 լրագրող և բլոգեր, ինչպես նաև 8 իրավապաշտպան։
Հեղինակները ցուցակում ներառել են նաև մեր արձագանք ստացած քրեական գործերի շրջանակում և հասարակական-քաղաքական իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանց։ Մասնավորապես, նրանց թվում են Իմիշլիի գործով 15 մեղադրյալ, Գյանջայի գործով 13 մեղադրյալ և Տերտերի գործով 8 մեղադրյալ։ Ցուցակում ներառված են նաև Եվրոպայից արտաքսված 6 քաղաքական էմիգրանտ, ազգային փոքրամասնությունները ներկայացնող 5 ակտիվիստ, Սոյուդլու գյուղում բողոքի ցույցերից հետո ձերբակալված 2 անձ, պատերազմի դեմ պայքարող 2 ակտիվիստ և ցմահ ազատազրկման դատապարտված 12 անձ։
Հեղինակներն ընդգծում են, որ ցուցակում ներառված են միայն նրանք, որոնց մասին հավաքագրվել է ամբողջական և հուսալի տեղեկատվություն։
Նախորդ ցուցակը, որը հրապարակվել էր այս տարվա հունվարին, ներառում էր 340 անձ։
Փաստաթուղթը պատրաստվել է մարդու իրավունքների պաշտպաններ Լեյլա Յունուսի և Էլշան Հասանովի կողմից։ Նշվում է, որ Ադրբեջանում այլախոհության դեմ համակարգային ճնշումները շարունակվում են 1993 թվականից։ Ցուցակը կազմելիս հեղինակները հիմնվել են «քաղաքական բանտարկյալ» սահմանման չափանիշների վրա, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականի հոկտեմբերին ընդունված թիվ 1900 բանաձևում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի