Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու

Քաղաքականություն

13.05.2026 | 16:51

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ Ռիխարդ Ռաշիի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների դերին՝ փոխադարձ հարգանքի, բարեկամության և գործընկերության վրա հիմնված երկկողմ կապերի ընդլայնման գործում։

Իր հերթին, Ռաշին, գոհունակությամբ նշելով, որ բազմիցս այցելել է Ադրբեջան, նշել է, որ 2022 թվականին եղել է Շուշիում, նաև հավելել, որ այս այցի ընթացքում նույնպես կմեկնի Արցախ՝ դիտարկելու Ղարաբաղի համալսարանի գործունեությունը։ Խոսքը Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանի մասին է։

Ռաշին նաև շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումների համար։

Ալիևն էլ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից, նշել, որ երկրների միջև առևտրային հարաբերություններն արդեն իսկ բարելավվում են, մասնավորապես, Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է արտահանվում։

Անդրադարձ է կատարվել սլովակյան ընկերությունների մասնակցությանը Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղի վերականգնմանը, ընդգծվել է, որ դա ադրբեջանա-սլովակական բարեկամության ցուցանիշ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment