Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ՝ Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար․ այն ​​անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի

Քաղաքականություն

09.05.2026 | 11:28

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար․ գրում է rbc.ru-ն։

2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթն անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս որոշումը բացատրել է «ներկայիս օպերատիվ իրավիճակով»։ Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական դպրոցների ուսանողները նույնպես չեն մասնակցում շքերթին։ Շքերթի օդային մասը, սակայն, այս տարի չի չեղարկվել։

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայից Հաղթանակի օրվա շքերթը խափանելու սպառնալիքների վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին ձեռնարկվում են լրացուցիչ միջոցներ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել եռօրյա հրադադարի պայմանավորվածություն։ Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը գործելու է մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։

Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ  Զելենսկին հրամանագրով հաստատել է հրադադարը ու թույլատրել  Մոսկվայում զորահանդես անցկացնել։

 

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment