«Այս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել, դուք հլա այս ամենի համար պատասխան պիտի տաք, փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռո՞ւմ»․ Փաշինյանը՝ դպրոցների մասին

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում՝ ըստ որի՝ 1 մլրդ 098 մլն դրամ ուղղվեց նոր կառուցվող, հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքների համար։ «Առաջարկվող նախագծով ընդհանուր երկարությունը 9,8 կմ է, որի մեծ մասը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին»,- կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է 14 դպրոցներ տանող ճանապարհներին։ «Իսկ ընդհանուր առմամբ մենք ունենք շուրջ 100 կմ դեպի դպրոցներ տանող ճանապարհներ, որոնց ընդհանուր թիվը 61-ն է»,- ասաց Խուդաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության՝ դպրոցներ կառուցելու ծրագրի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին։ «Ընտրություններից առաջ էլ մեծ ճնշում կար՝ կապված կլաստերային դպրոցների խոսույթի հետ, այսինքն, որ մի քանի գյուղեր է սպասարկում։ Մենք մի քանի գյուղերի համար կլաստերային դպրոց ենք կառուցում, մենք այդ որոշումները կայացրել ենք բոլորովին այլ նպատակներով՝ բնակավայրեր այցելելով։ Միշտ աշխատել ենք նաեւ դպրոցներ մտնել, եւ երբ մտել ենք բազմաթիվ դպրոցներ, տեսել ենք, որ այդ դպրոցներում հնարավոր չէ կրթական պրոցես կազմակերպել։ Եվ մենք որոշում կայացրեցինք, որ պետք է ունենանք կլաստերային դպրոցներ եւ ապահովենք մի քանի բնակավայրերի տեղափոխումը պետության հաշվին, որպեսզի բոլոր երեխաներն ունենան կրթական հավասար միջավայր ու պայմաններ։ Դպրոց փակելու խոսույթով հատկապես ընտրություններից առաջ շատ մեծ ճնշում էր մեզ վրա գործադրվում, բայց ես շատ ուրախ եմ, որ մենք այդ ճնշումներին չենք տրվել»,- ասաց նա։

Նա նշեց՝ ոչ ոք չի հարցնո՞ւմ, թե ինչո՞ւ այս երկրում 1000 դպրոցի կարիք կա․ «Բա մի երկրում, որտեղ գործնականում երկրի դպրոցների 90 տոկոսը կամ պետք է կառուցել, կամ վերակառուցել, կամ հիմնանորոգել, ոչ մեկ չի հարցնո՞ւմ՝ ոնց կարա 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինի»։

Փաշինյանն անդրադարձավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վերջին հետազոտությանը, ըստ որի՝ Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում։

«Բա որ խոսում էինք ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին, ասում էինք, որ մենք պետք է երաշխիք ունենանք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պրոֆեսիոնալության պատշաճ մակարդակ ունի, որովհետեւ մենք չենք կարող մեր երեխաների ապագան վստահել առանց լրացուցիչ ստուգումների։ Բոլորը ոտքի վրա խմել են կենացներ, ուսուցիչներին փառաբանել, մեծարել, ինչի՞ համար, որովհետեւ այդ ուսուցիչներն իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար։ Բա որ ասում ենք՝ կրթվելը նորաձեւ է, այդ ո՞վ էր հարձակվում մեզ վրա, ասում էին՝ այս ազգին անգետի տեղ են դրե՞լ։ Էս ի՞նչ աղմուկ է»,- նշեց նա։

«Որ մենք ասում ենք՝ մենք բոլորս կրթվելու կարիք ունենք, բա այդ ո՞վ է մեզ ծաղրում, ասում եք՝ դուք զրո դասարանցի եք։ Բա դուք եք ակադեմիկոսներ, դրա համար էլ ամեն մեկդ ակադեմիկոս միլիարդատերեր եք։ Բա մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, պարոն Ծառուկյանը դասագրքի հեղինակ լինի, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ անհետեւանք է անցնելու այդ ամենը։ Էս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել, դուք հլա այս ամենի համար պատասխան պիտի տաք, փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռո՞ւմ, այս ի՞նչ պատմություն է։ Այդ գրագիտության պակասը մենք ամեն օր տեսնում ենք»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով նշված հետազոտության արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հետազոտությանը մասնակցած դպրոցականները 10 տարի սովորել են կրթական հին չափորոշիչով։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք դեռ մինիմում 700 դպրոց պիտի կառուցենք, որպեսզի կարողանան ասել, որ կրթության շատ փոքրիկ հասանելիություն ենք ապահովել մեր երեխաների համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment