Կգա ժամանակ, երբ, ի հեճուկս բոլոր տառապանքների, կլինենք թեթեւ, ուրախ եւ ճշմարտախոս։
Ալբեր Կամյուն՝ Մարիա Կազարեսին, 26 փետրվարի, 1950
«Գիտեմ, որ քեզ ամենաքիչը երկու կյանք է պետք, որպեսզի ավարտին հասցնես այն, ինչ ցանկանում ես անել, եւ հենց այդ պատճառով է, որ կցանկանայի՝ պահպանեիր այն միակը, որը տրված է քեզ, եւ չվատնեիր նույնիսկ մարդկանց ապրելու համար նեցուկ լինելու դեպքում, որոնք ապրելու շատ տարիներ ունենալով, երբեք չեն կարող դրանք լցնել»,- սա Ալբեր Կամյուին Մարիա Կազարեսի գրած բազմաթիվ նամակներից մի պատառիկ է։
«Անտարես» հրատարակչությունը Ռուզան Միրզոյանի թարգմանությամբ լույս է ընծայել Մարիա Կազարեսի եւ Ալբեր Կամյուի «Նամականին» երկհատորյակը, որը կազմել է Բեատրիս Վայանը։ Նախաբանը գրել է գրողի դուստրը՝ Կատրին Կամյուն։
«Այս նամակագրությունը, որն առանց ընդմիջումների տեւել է տասներկու տարի, վկայությունն է նրանց անհաղթահարելի սիրո»,- գրում է գրողի դուստրը։
Սակայն 1960 թվականի հունվարին Ալբեր Կամյուի անժամանակ մահը նրանց բաժանելու էր։
Զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզան Միրզոյանի հետ։
– Կատրին Կամյուն գրում է․ «Այս նամակները մոլորակն ավելի ընդարձակ են դարձնում, տիեզերքն՝ ավելի լուսավոր, օդն՝ ավելի թեթեւ միայն այն պատճառով, որ նրանք գոյություն են ունեցել»։ Ինչպե՞ս է ընդունվել Նամականին սովորական ընթերցողների եւ մասնագիտական շրջանակներում։
-Կատրին Կամյուն այդպես է արտահայտվում, որովհետեւ նամակները պարզապես անձնական գրություններ չեն, դրանք վկայություն են սիրո, կարոտի, սպասման, վախի եւ երջանկության անսպասելի, եզակի դրսեւորումների, որտեղ հեղինակները, հոգեւոր, մտավոր, զգացմունքային բարձրագույն արժեքներն իրենց մեջ կրելով, տասնհինգ տարվա ընթացքում դրանք զարգացնում եւ բյուրեղացնում են, այդպիսով ձեռք բերելով համամարդկային արժեք։ Այո, Նամականիում առկա անկեղծությունից աշխարհն ավելի ընդարձակ է դառնում, մարդկային զգացմունքները՝ ավելի լայնահուն ու խոր, տիեզերքը՝ ավելի լուսավոր՝ հիշեցնելով, որ մարդկային կապերը, նույնիսկ ամենաանհույս, տխուր իրավիճակներում կարող են լույս հաղորդել աշխարհին, օդն՝ ավելի թեթեւ, քանի որ դրանք անկեղծ են՝ գրված սիրող, տառապող, սպասող, իրենց ընտրությունը լիրաժեքորեն գիտակցող անչափ տաղանդավոր ստեղծագործողների կողմից։
1944-1959 թվականներին Ալբեր Կամյուի եւ Մարիա Կազարեսի նամակագրությունը, որը լույս է ընծայել «Գալիմար» հրատարակչությունը 2017 թվականին, արժանացել է թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների բացառիկ ընդունելությանը՝ հաճախ բնութագրվելով որպես գրական իրադարձություն եւ էպիստոլյար ժանրի «մարգարիտ»։
Այս Նամականին իր 860 նամակով բացահայտում է Ա․ Կամյուի ինտիմ եւ կրքոտ կողմը՝ հեռու «աբսուրդի փիլիսոփայի» խիստ պատկերացումից։
Ահավասիկ մի քանի բնութագրումներ ֆրանսիական մամուլից՝
• բարձր գրական արժեք,
• սիրային աշխարհագրություն,
• բացահայտում խոցելի, կրքոտ, երբեմն հուսահատ, բայց խորապես սիրահարված Կամյուի,
• տաղանդավոր նամակագրի բացահայտում հանձին Մարիա Կազարեսի, որն ընկալվում է ոչ միայն որպես մուսա, այլեւ որպես գրող, որի գրիչը գնահատվում է նույնքան հզոր, որքան Կամյուինը։
-Նրանք գրում են առօրյայի, ստեղծագործական կյանքի, կարոտի, սպասման, համատեղ օրերի վայելումի մասին։ Ու բոլոր դեպքերում գեղարվեստական արժեքը չի տուժում։ Գուցե որովհետեւ մեկը գրող էր, մյուսը գրո՞ւմ էր գրողին։ Հատկապես ի՞նչն է, որ կենդանի ու հետաքրքիր է դարձնում այս ստվարածավալ նամականին։
-Այս նամակները, որոնք արտացոլում են նրանց առտնին, ստեղծագործական, զգացմունքներով, պոռթկումներով, տառապանքի ու վայելքի, սպասումի ու հանդիպումի, հաղթանակի ու հիասթափությամբ լի կյանքը, դրոշմված են հանճարեղ արվեստագետներին հատուկ ինտելեկտուալ ընկալումներով, գիտակցականությամբ, որոնք ձեւավորել եւ շարունակում են ձեւավորել աշխարհը՝ սովորեցնելով եւ օրինակ ծառայելով։
Մենք հանդիպեցինք, ճանաչեցինք ու տրվեցինք մեկմեկու, մեզ հաջողվեց ունենալ բյուրեղի պես զուլալ, այրող սեր։ Գիտակցո՞ւմ ես մեր երջանկությունը եւ այն, ինչ տրվել է մեզ։ Մարիա Կազարես, 4 հունիսի 1950 թ․
․․․Նմանապես պարզ, բանիմաց, ունակ հասկանալու ամեն ինչ, հետեւաբար նաեւ հաղթահարելու, բավական ուժեղ՝ առանց պատրանքների ապրելու համար, եւ իրար կապված մտքի, սրտի եւ մարմնային կապերով՝ մեզ ոչինչ չի կարող բաժանել։ Ալբեր Կամյու, 23 փետրվարի, 1950
Ալբեր Կամյուի եւ Մարիա Կազարեսի սիրո ամենակարեւոր առանձնահատկությունը նրա երկխոսական եւ ստեղծագործական բնույթն է։
Այդ սերը չի սահմանափակվում միայն զգացմունքային կապով․ այն մշտական երկխոսություն է երկու հավասար անհատների միջեւ։ Նրանց նամակները պարզապես սիրո խոստովանություններ չեն, այլ մտքերի, ապրումների, կասկածների ու ստեղծագործական որոնումների փոխանակում։ Այդտեղ սերը դառնում է ոչ թե միայն զգացմունք, այլեւ համատեղ մտածելու եւ ապրելու ձեւ։
Նրանց սիրո առանցքը կյանքի վերածումն է արվեստի։ Առօրյա ապրումները, կարոտը, հանդիպումները եւ բաժանումները նամակներում վերածվում են լեզվի, պատկերների, իմաստի։
Այս Նամականին կենդանի ու հետաքրքիր է դարձնում մի քանի փոխկապակցված հանգամանք.
• Բացարձակ անկեղծությունն ու անմիջականությունը։ Ալբեր Կամյուն ու Մարիա Կազարեսը չեն փորձում ստեղծել բարձրարվեստ տեքստ, բայց նրանց անկեղծությունից ծնվում է գեղարվեստական արժեք։
• Զգացմունքների ինտենսիվությունն ու դրամատիզմը։ Նամակներում առօրյան լցված է կարոտով, սպասումով, սիրով, խանդով, բաժանման ցավով։ Այդ զգացումները մշտապես շարժման մեջ են, ինչի շնորհիվ ընթերցողը չի ձանձրանում։
Օ՜, դու լավ ես, եւ կյանքն առատորեն վերադառնում է, եւ նորից լսում եմ ծանոթ բառեր (անիմաստ գլխապտույտ) եւ նորից կատաղություն, քնարականություն, բանաստեղծականություն․․․պահանջներ (եղիր խիստ, զուսպ հագուստ կրիր, մեկուսացիրիր)։ Օ՜, որքա՜ն եմ սիրում, երբ պահանջում ես։ Եվ որքա՜ն եմ վախենում այն պահերից, երբ չես համարձակվում պահանջել։ Վ․ 21-հունվարի, 1950
• Երկու ձայների հավասար ուժը։ Ալբեր Կամյուի կերպարը Նամականիում ներկայանում է որպես ներքին հակասություններով լի, բայց միաժամանակ չափազանց պարզ ու ճշմարտախոս, խորապես մտածող եւ ինքնաքննող անհատ։ Նրա նույնիսկ ամենահասարակ արտահայտությունները կրում են իմաստային ծանրություն․ դրանք երբեք պարզապես հաղորդակցման միջոց չեն, այլեւ գնահատական, դիրքորոշում, երբեմն՝ փիլիսոփայական ամփոփում։ Նրա լեզուն զուսպ է, բայց այդ զսպվածության մեջ զգացվում է ներքին լարվածություն եւ տրամաբանություն։ Միեւնույն ժամանակ նա զգացմունքային, զգայուն, բայց ինքնակառավարվող սիրող է։ Նրա նամակները չունեն չափազանց բաց հուզականություն, ինչպես Կազարեսինը, սակայն նրա սերը խորն է, կայուն եւ պատասխանատվությամբ լի։ Նա ապրում է միաժամանակ մի քանի իրականությունների մեջ՝ անձնական կյանք, ստեղծագործություն, հասարակական պարտավորություններ։ Այդ պատճառով նրա նամակներում հաճախ զգացվում է հոգնածություն, երբեմն էլ՝ մեղքի զգացում։ Նրանում արտացոլված է արվեստի եւ կյանքի միասնությունը։ Կամյուի համար գրականությունը չի առանձնանում կյանքից, այն ծնվում է փորձառությունից, ցավից, սիրուց։ Նա արժանապատիվ եւ ներքին ազատություն պահպանող անհատ է։ Նույնիսկ իր ամենախոցելի պահերին չի կորցնում ինքնատիրապետումը եւ իր արժեքների գիտակցումը։ Նրա ձայնը հավասարակշռված է՝ զգացմունքի եւ բանականության սահմանագծում։
Մարիա Կազարեսը ուժեղ, ինքնուրույն եւ խորապես զգացող անձնավորություն է, որը միաժամանակ ապրում է թե՛ արվեստով, թե՛ սիրով։ Նա նախ եւ առաջ զգացմունքային ազնվության մարմնավորում է։ Նրա նամակները բաց են, անմիջական, հաճախ՝ անկեղծորեն խոցելի։ Նա չի վախենում արտահայտել կարոտը, սպասումը, նույնիսկ ներքին անհանգստությունները․ այդ ամենը դարձնում է նրա ձայնը կենդանի եւ համոզիչ։
Միաժամանակ նա Կամյուի համար գիտակից, հոգեւոր եւ մտավոր գործընկեր է, որը չի սահմանափակվում սիրային զգացմունքներով, արձագանքում է Կամյուի ստեղծագործական որոնումներին, կիսում նրա մտահոգությունները, երբեմն էլ կանխազգալով նրա հոգնածությունը կամ ներքին պայքարը, հանգիստ թողնում։ Կազարեսի նամակներում կարմիր թելի նման արտահայտված է կյանքի հանդեպ նրա կենսունակությունն ու կրքոտությունը։ Նա ապրում է ներկան ամբողջ ուժով։ Վերջապես, նրա կերպարում առկա է ներքին արժանապատվությունն եւ անկախությունը։ Խորապես կապված լինելով Կամյուին, նա չի կորչում այդ սիրո մեջ։ Նա ինքնուրույն է իր արվեստով, ընտրություններով, ներքին ազատությամբ։
• Ժամանակի եւ իրականության շունչը։ Նամակները գրվել են պատմական բարդ շրջանում (պատերազմից հետո), եւ դրանցում զգացվում են ժամանակի լարվածությունը, կյանքի անկայունությունը, որոնց ընկալումը նրանց կողմից նամակներին խորություն է ավելացնում։
• Գրականության, թատրոնի, կյանքի միաձուլումը։ Նամականին ոչ միայն սիրային պատմություն է, այլեւ կենդանի երկխոսություն, որտեղ առօրյան վերածվում է արվեստի՝ առանց արհեստականության։
-Թերեւս անվանի մարդիկ գիտեն, որ մի օր կարող է իրենց նամակագրությունը հասանելի դառնալ հասարակությանը։ Դժվար է նրանց փոխարեն պատասխանել, այնուամենայնիվ, այդ գիտակցումը որոշակի զսպվածության պատճառ չի՞ դառնում։ 20-րդ դարի մեծագույն սիրային այս պատմության շատ մանրամասներ գուցե մնում են տողատակո՞ւմ։
-Ինչ-որ չափով գուցե այո, բայց Նամականիում այդ «զսպվածությունը» գրեթե չի զգացվում։
Նրանց նամակները տպավորիչ են անկեղծության աստիճանով, որը գալիս է անմիջական ապրումից, ոչ թե ապագա ընթերցողի մասին հաշվարկից։ Այս կրքոտ նամակները պատմում են անցյալ դարի Փարիզի մտավոր եւ գրական կյանքի այս երկու մեծ ստեղծագործողների՝ գրողի եւ դերասանուհու սիրային պատմությունը, որը սկսվում է 1944 թվականի մարտին, ընդհատվում է մինչեւ 1948 թ․ եւ շարունակվում է մինչեւ 1959 թվականի դեկտեմբերի 30-ը՝ վերջին նամակի օրը, ընդամենը հինգ օր առաջ Ալբեր Կամյուի ողբերգական մահից, որը տեղի ունեցավ 1960 թվականի հունվարի 4-ին՝ ավտովթարից։
Միաժամանակ, ճիշտ եք նկատում՝ «տողատակում» մնացած շերտեր, անկասկած, կան։ Հատկապես նման բարդ հարաբերության դեպքում (սեր, բաժանումներ, Կամյուի ընտանիքը, հանրային կյանքը) որոշ թեմաներ կարող էին մնալ չասված կամ միայն ակնարկված։
-Նամականին լույս սփռո՞ւմ է Կամյուի գրականության վրա։
-Այո, Նամականին զգալիորեն լույս է սփռում Կամյուի գրականության վրա ներսից հասկանալու մակարդակում։
Նախ՝ նամակները բացահայտում են այն կենսափորձը եւ հոգեվիճակները, որոնցից ծնվում են Կամյուի ստեղծագործությունները։ Նրա գործերում հաճախ հանդիպող միայնության, բաժանության, սիրո եւ պարտքի միջեւ լարվածության թեմաները նամակներում ներկայանում են որպես իրական, ապրած փորձառություն, ոչ թե զուտ գաղափարական կառուցում։
Նամակներում տեսանելի է նույն զուսպ, մաքուր, բայց խորությամբ լեցուն արտահայտչաձեւը, ինչն առկա է նրա գրականության մեջ։ Սա ցույց է տալիս, որ նրա գեղարվեստական լեզուն արհեստական կառուցվածք չէ, այլ բխում է մտածելու եւ զգալու բնական ձեւից։
Բացի այդ, նամականին լույս է սփռում նրա ստեղծագործության առանցքային գաղափարների էքզիստենցիալիզմի եւ աբսուրդի վրա։ Նամակներում հստակ երեւում է մարդու վիճակի, կյանքի անորոշության, բայց նաեւ սիրո ու կյանքի հանդեպ հավատարմության ներքին պայքարը։
Սակայն նամակներն ավելի շուտ օգնում են ընթերցողին Կամյուին ընկալելու հարցում՝ ցույց տալով այն մարդկային հիմքը, որի վրա կառուցված է նրա գրական աշխարհը։
-Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Նամականուն։ Որքա՞ն է տեւել թարգմանական գործընթացը, եւ ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել աշխատանքի ընթացքում։
-Անդրադարձը նամակներին պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք ներկայացնում են ոչ միայն սիրային պատմություն, այլեւ մտավոր եւ ստեղծագործական երկխոսություն, որտեղ բացահայտվում է գրողի ներաշխարհը։ Նամականին հնարավորություն է տալիս տեսնելու Կամյուին ոչ միայն որպես մտածող, այլեւ որպես ապրող, կասկածող, սիրող մարդ։ Միաժամանակ այն արժեքավոր նյութ է թարգմանաբանական տեսանկյունից, քանի որ միավորում է առօրյա լեզուն եւ բարձր գրական արտահայտչաձեւը։
Ամենամեծ դժվարություններից մեկը կապված էր Կամյուի լեզվի զուսպ, բայց խոր իմաստավորված բնույթի փոխանցման հետ։ Նրա նախադասությունները հաճախ արտաքին պարզության տակ կրում են ենթատեքստ, որը պետք է պահպանել առանց ծանրաբեռնելու թարգմանությունը։ Մյուս կողմից՝ Կազարեսի լեզուն ավելի հուզական եւ անմիջական է, եւ կարեւոր էր չկորցնել այդ տարբերությունը՝ պահպանելով երկու ձայների անհատականությունը։
Մեկ այլ խնդիր էր մշակութային եւ ենթատեքստային շերտերի փոխանցումը։
Թարգմանության ընթացքում մշտապես առաջանում էր հավասարակշռության հարցը՝ հավատարիմ մնալ բնագրին, բայց նաեւ ստեղծել կենդանի, ընթեռնելի հայերեն։ Այդ գործընթացը պահանջում էր ոչ միայն լեզվական ճշգրտություն, այլեւ զգայունություն տեքստի ներքին երաժշտության եւ ռիթմի նկատմամբ։
Աշխատանքը միաժամանակ եղել է թե՛ լեզվական, թե՛ ստեղծագործական փորձ՝ հնարավորինս ամբողջական փոխանցելու երկու անհատների կենդանի եւ բազմաշերտ երկխոսությունը։
-Նամակներին մանրամասն հաղորդակցվելիս ի՞նչ եք բացահայտել ինքներդ Ձեզ համար։
-Նամակներում սերը շարժվող, ձեւավորվող, զարգացող եւ փոխակերպող գործընթաց է։ Նրանց խոսքը չի ձուլվում մեկ ձայնի մեջ․ հակառակը՝ պահպանվում է տարբերությունը, եւ հենց այդ տարբերությունն է ստեղծում զարգացման հնարավորությունը։ Սերը այստեղ ինքնաճանաչման խթան է։ Մյուսի հետ անկեղծ շփման մեջ մարդը սկսում է ավելի հստակ տեսնել ինքն իրեն՝ իր վախերը, սահմանները, ցանկությունները։ Կազարեսի անմիջականությունն ու հուզականությունը հաճախ «բացում» են Կամյուի ավելի զուսպ եւ ինքնակառավարվող աշխարհը, մինչդեռ Կամյուի մտածվածությունն ու լեզվի ճշգրտությունը Կազարեսին տալիս են խորացման եւ ինքնարտահայտման այլ մակարդակ։ Այսպիսով՝ երկխոսությունը դառնում է փոխադարձ ձեւավորման գործընթաց։
Միեւնույն ժամանակ այս հարաբերությունը ցույց է տալիս, որ իսկական երկխոսությունը միշտ էլ ներառում է լարվածություն եւ անհամաձայնություն։ Սերը այս իմաստով ոչ թե հարմարավետ համընկնում է, այլ աշխատանք՝ ինքն իր եւ մյուսի հետ։
Վերջապես, նամակները դառնում են այն միջավայրը, որտեղ զգացմունքը վերածվում է խոսքի, իսկ խոսքը՝ ինքնագիտակցության։ Այդպիսով՝ սերը հանդես է գալիս ոչ միայն որպես զգացմունքային կապ, այլեւ որպես մտավոր եւ ստեղծագործական աճի հարթակ։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ սերը նպաստում է ինքնաճանաչմանն ու փոխճանաչմանը․ վերածվելով զարգացման գործընթացի, ձեւավորելով թե՛ անհատին, թե՛ նրա լեզուն։
Արմինե Սարգսյան