ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը գրում է.
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ԿԵՂԾ պնդումներ է հնչեցրել, թե իբր վերջին տարիներին նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղային ոլորտի զարգացման համար։ Նաև ձեռքի հետ ԶՐՊԱՐՏԵԼ է ՀՀ ԱԺ նախագահին:
Հիմա խոսենք փաստերով.
Երևի կհիշեք՝ ժամանակին բոլոր գազալցակայաններում խաղային ապարատներ կային, որտեղ վարորդները պարտվում էին իրենց օրվա վաստակածը: ՀԱՆՎԵՑԻՆ
Նախկինում փողոցներում ամեն քայլափոխի բուքմեյքերական գրասենյակներ էին, որտեղ անչափահասներից մինչև թոշակառու խաղադրույքներ էին կատարում: ՓԱԿՎԵՑԻՆ
Փողոցներում, մայրուղիների վրա, օդանավակայանում, շենքերի վրա, ինտերնետում, գրեթե բոլոր լրատվական կայքերում խաղային ոլորտի գովազդներ էին, որոնք գրավիչ առաջարկներով թակարդն էին գցում մեր տարբեր հայրենակիցներին։ ՓԱԿՎԵՑԻՆ
Ով ուզում էր` վճարային տերմինալներով լիցքավորում էր խաղային հաշիվը ու խաղում։ ԱՐԳԵԼՎԵՑԻՆ
Կանխիկ գումարով, անվերահսկելի ու ստվերային ձևով խաղադրույքներ էին կատարվում: Դարձան անկանխիկ, վերահսկելի ու խիստ նույնականացմամբ։
Ու էլի բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին, որոնց մի մասը դեռ ուժի մեջ չի մտել, մի մասն էլ դեռ արվելու է։
Ի դեպ, պարոն Կարապետյանն ասում է, թե հենց այս իշխանության որոշումներով է անկանխիկ խաղադրույքների համակարգը ներդրվել, այնինչ 2018-ից առաջ էլ է օրենքով նախատեսված եղել քարտային տարբերակով հաշիվը լիցքավորելու տարբերակ, որը բուքմեյքերները չեն օգտագործել` ստվերային ու անվերահսկելի գործունեություն ունենալու պատճառով։
Ստացվում է` Նարեկ Կարապետյանը գտնում է, որ այս ամեն ինչը սխալ է եղել: Այսինքն, եթե իրենք գան իշխանության, վերաբացելու են բուքմեյքերական կետերը, թույլատրելու են խաղային ապարատները, թույլատրելու են գովազդը, թույլատրելու են կանխիկով ու տերմինալով խաղային հաշիվ լիցքավորելը, հանելու են բանկային քարտերով լիցքավորման սահմանափակումները: Կարճ ասած, դրախտային պայմաններ են ստեղծելու խաղամոլության տարածման համար:
Հիմա հարց. ո՞վ է ուզում մարդկանց նստեցնել խաղային ասեղի վրա…