«Կապուղիների բացումը հանգեցնում է տնտեսական ազատության»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդես է բացման խոսքով «Կապակցվածությունից դեպի հնարավորություն. խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրն ու ներդրումները» խորագրով պանելային քննարկմանը:
«Խոսքիս մեկնարկին նախ կցանկանայի բոլորիս շնորհավորել այս օրերին Երևանում հաջողությամբ ընթացող և արդեն իսկ ավարտված մի շարք առանցքային՝ ես կասեի, միջազգային հնչեղություն ունեցող միջոցառումների կապակցությամբ, այդ թվում՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողով, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջին պետական այց Հայաստան և իհարկե «Երևանյան երկխոսություն» հերթական՝ երրորդ համաժողով:
Ելույթս նախապատրաստվելիս անդրադարձա, որ դեռևս 2025թ. աշնանը, երբ Հայաստանն ամրագրեց իր հայտը՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, երկրի վարչապետն առանձնահատուկ ընդգծեց, որ երևանյան գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի «կապակցվածությունը»:
Այսօր Հայաստանը կապակցվածության ընդլայնվող հնարավորությունների հանգրվանում է։ Սակայն, կապակցվածությունն արժեք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ այն իր հերթին ստեղծում է տեսանելի ու շոշափելի հնարավորություններ և հիմնված է խաղաղության վրա։ Բարեբախտաբար, այսօր կարող ենք փաստել, որ դա իրական է և հնարավոր։
Եկեք ընդունենք, որ կապակցվածությունը նշանակում է տրանսպորտային ուղիների վերաբացում, ազատ առևտրի ընձեռնում, տարբեր տարածաշրջանները, այդ թվում՝ Եվրոպան ու Ասիան կապող ավելի լայն տնտեսական ցանցերին ներդրում. ուստի, այս իմաստով, Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հաբ՝ Հարավ-Հյուսիս, Արևելք-Արևմուտք խաչմերուկում:
Ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն բոլորի համար։
Այս առումով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ այն առանցքային գործոնը, որը մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը կվերածի իրական տնտեսական հնարավորությունների և արդյունքների:
Սակայն, հարկ է ընդունել, որ կատարել հստակ, կամ անգամ մոտավոր հաշվարկներ՝ բավականին խնդրահարույց է, քանզի խոսքը գնում է տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային երթուղիների, էլեկտրահաղորդման գծերի և դրանց զուգահեռ կառուցվող ենթակառուցվածքի մասին, որոնց ծավալները դեռ պետք է գնահատվեն: Այնուհանդերձ, մի բան հստակ է՝ կապուղիների բացումը հանգեցնում է տնտեսական ազատության, վերջինս իր հերթին բաց շուկայական հարաբերությունների, ուղղակի ներդրումների ու այդպես շարունակ:
Որպես գիտնական-տնտեսագետ, ով երկար տարիներ զբաղվել է գիտության թե՛ տեսական և թե՛ պրակտիկ ասպեկտով, նշեմ, որ Հայաստանի կառավարության առաջարկած նախագիծը, որի նաև բաղկացուցիչ մաս է TRIPP նախաձեռնությունը՝ ես կդիտարկեի երկու՝ դասական և ժամանակակից մեծագույն տնտեսագետներ՝ Ադամ Սմիթի «Ազգերի հարստություն» և Միլթոն Ֆրիդմանը «Կապիտալիզմ և ազատություն» անկյունաքարային աշխատությունների լույսի ներքո, ուր հստակ ընդգծվում է, որ «միայն ազատությունն է ընձեռնում գործարարին շահույթ ստանալու հնարավորություն, իսկ հասարակությանն՝ ավելի արդյունավետ առաջ մղելու իր շահն»:
Կրկին, որպես տնտեսագետ, պետք է արձանագրեմ, որ որևէ մեկնաբանություն չի փոխանցում բավարար ցայտուն տնտեսական առողջացման պատկերն ինչպես անկողմնակալ աղբյուրների ներկայացվող ցուցանիշները:
Ուստի կցանկանայի անդրադառնալ որոշ թվերի՝
2025թ․ Հայաստանի տնտեսությունը շարունակել է կայուն աճի միտումը՝ արձանագրելով 7.2% տնտեսական աճ։
2026թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել է +7,1%։
2026թ. հունվար-մարտին համեմատած 2025թ.-ի հունվար-մարտի հետ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով, դեպի Չինաստան 2,3 անգամ, դեպի ԱՄՆ 13%-ով։
Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է (2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով դիրքերը բարելավելով 5 հորիզոնականով)։
2025թ.-ին 2024թ.-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 4,6 անգամ՝ 131,6 մլն դոլարից դառնալով 605,1 մլն դոլար։
2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով։
Հայաստանն արձանագրել է աճ բոլոր ուղղություններով.
Շինարարություն՝ 20,5%
Արդյունաբերություն՝ 17,2%
Արտաքին առևտուր՝ 9,3%
Ծառայություններ՝ 7,2%
Առևտուր՝ 3,3%:
Ամփոփելով խոսքս, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի և Իրանի հետ, ռազմավարական գործընկերության խորացումը ԵՄ հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ հիրավի կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարածաշրջաններից ու Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների տարանցիկ միջանցքներից մեկը։
Վստահեցնում եմ, որ Հայաստանը եռանդուն կերպով կջանա այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ»: