Հայաստանում անցկացվում է «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովը

Հայաստանում անցկացվում է «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովը։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Լաշա Դարսալիան, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Վինայ Չավլան և Սոնատա Քոուլթերը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Քրիստիան Մեսարոշը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիենն Կիրալին և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև տարբեր երկրներից և կազմակերպություններից ժամանած փորձագետներ։

Համաժողովի շրջանակում մասնակիցները քննարկումներ կանցկացնեն վեց թեմատիկ ուղղություններով։ Առաջին ուղղությունը կրում է «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին» խորագիրը։ Մասնակիցները կընդգծեն երկխոսության կարևորությունը՝ որպես լարվածության նվազեցման, խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման առանցքային գործոն։

Երկրորդ ուղղությունը «Գլոբալ փոխկապակցվածությունն» է։ Այս թեմայի շրջանակում բանախոսները կնշեն բաց սահմանների և զարգացած ենթակառուցվածքների անհրաժեշտությունը, որոնք նպաստում են մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժին։

Երրորդ թեման է՝ «ԵՄ ընդլայնումը և եվրոպական ինտեգրումը»։ Դրա շրջանակում ելույթ ունեցողները կքննարկեն Եվրոպական միության ինտեգրման նոր փուլը և Հայաստան–ԵՄ գործընկերության խորացումը։

Չորրորդ թեման «Ժողովրդավարական դիմակայունությունը, հիբրիդային սպառնալիքները և արհեստական բանականությունն» է։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները կմատնանշեն ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ գործակցության միջոցով առկա մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։

«Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի հինգերորդ թեմատիկ ոլորտը «Կանաչ փոխակերպումն» է։ Այս թեմայի քննարկման ընթացքում բանախոսները կընդգծեն կենսաբազմազանության պահպանման կարևորությունը՝ նորարարական մոտեցումների և համագործակցության կիրառմամբ։

Համաժողովի վեցերորդ թեմատիկ ուղղությունն է «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետությունը»։ Այս թեմայի շրջանակում հիմնական ուշադրությունը կդարձվի արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման հարցերին։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի է ունեցել նաև Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են փոխգործակցության ընդլայնումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները և ենթակառուցվածքային կապվածությունը։ Նրանք ստորագրել են մի շարք փաստաթղթեր՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը։

Նշենք նաև, որ դրանից բացի, մայիսի 4-ին Երևանում կայացել էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

News.am

Leave a comment