Սպիտակ տան մոտակայքում կրակոցների հետևանքով վիրավոր կա

Քաղաքականություն

05.05.2026 | 10:51

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որն ապահովում է երկրի առաջին դեմքերի պաշտպանությունը, երկուշաբթի հայտնել է Վաշինգտոնի կենտրոնում՝ 15-րդ փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում հնչած կրակոցների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մեկ մարդ վիրավորվել է իրավապահ մարմինների կողմից. նրա վիճակը ներկայում անհայտ է»,- գրել է ծառայությունը X սոցիալական ցանցում:

Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի հուշարձանի մոտ, որը գտնվում է Սպիտակ տան և Կապիտոլիումի մոտակայքում: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ նախագահն այդ պահին իր նստավայրում փոքր բիզնեսի վերաբերյալ  հանդիպում էր անցկացնում: Խաչմերուկից մինչև Սպիտակ տուն հեռավորությունը մոտավորապես 1 կմ է:

Associated Press-ը հայտնում է, որ Սպիտակ տունը ժամանակավորապես փակ է եղել։ Գաղտնի ծառայությունը լրագրողներին դուրս է բերել ճեպազրույցի սենյակ։ Դոնալդ Թրամփը շարունակել է հանդիպումն առանց ընդհատումների։

Կոլումբիայի շրջանի հրշեջ և արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ շտապօգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել չափահաս տղամարդու և բուժօգնություն ցուցաբերել թեթև վնասվածքներով դեռահասի։

«Դեպքի վայրը շրջափակված է։ Խուսափեք տարածքից, քանի որ ճանապարհները մի քանի ժամով փակ կլինեն», – ասվում է շրջանային ոստիկանության տարածած հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment