Քաղաքականություն
04.05.2026 | 17:02
Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները իրականում ոչ թե Եվրոպա, այլ դեպի Թուրքիա են շարժվում։
«Եվրոպացի որևէ պաշտոնյա, եվրոպական որևէ կառույց նույնիսկ ակնարկ չի արել, որ սպասում են Հայաստանին Եվրոպական Միությունում։ Այսօրվա եվրոպական պաշտոնյաների մեծամասնության համար Հայաստանը ընդամենը պետք է որպես գործիք հակառուսաստան լինելու համար։ Էդ ո՞ր եվրոպական կառույցն է ասել, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության ասոցացման, ասենք՝ ասոցացված որպես թեկնածու անդամ։ Էդ որ ասում է՝ գնում ենք Արևմուտք, էդ Արևմուտքը Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։ Սա ակնհայտ է։ Եվ սա ընդամենը աչքակապություն է, կրկնակի ստանդարտներ, և էս ակցիայի նպատակը մեկն է՝ որ ցույց տանք, որ ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ և Ալիևին ասում «Thank you»»,- ասաց Շարմազանովը։
Շարմազանովը անդրադարձավ նաև Իլհամ Ալիևի ելույթին։
«Ալիևն իր ելույթում ամբողջ Արցախյան շարժումը՝ իրավունքի համար պայքարը, անվանում է սեպարատիստական, պայքարի ղեկավարներին՝ սեպարատիստներ, 150 հազար արցախահայությանը՝ սեպարատիստ։ Նրանց է անվանում սեպարատիստ, որ նույն Եվրոպան՝ համանախագահ երկրները, այցելում էին․ քանի՞ ֆրանսիացի համանախագահ է այցելել Արցախ։ Էդ սեպարատիստների հե՞տ էին ֆրանսիացիք հանդիպում։ Իհարկե ոչ։ Այսինքն՝ Կոսովոն իրավունք ունի ինքնորոշման իրավունքից օգտվելու, Արցախը իրավունք չունի՞։ Կոսովոն միջազգային հանրության անդամ է, ժողովրդավարության հանրության անդամ է, իսկ Արցախը, որ դեռ 91 թվականին հանրաքվեով իր անկախությունը հռչակեց՝ սեպարատիստնե՞ր են»,- ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Ալիևն իր ելույթում նշեց, որ «Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»։
Մանրամասները՝ տեսանյութում։