Թմբկահարում են, թե ծառերն իբր ամբողջովին չոր են ու ծաղկունքի հույս անգամ չեն ներշնչում, բայց իրականությունն այլ է. Արտյոմ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքային իշխանության մոլի ընդդիմախոսներն այս անգամ էլ առաջ են ընկել բնականոն հունով ապրող նորատունկ ծառերի ծաղկունքից և թմբկահարել, թե, մասնավորապես, ալբիցիաները, լագեստրոմիաները կամ հնդկական յասամանները իբր ամբողջովին չոր են ու ծաղկունքի փոքր հույս անգամ չեն ներշնչում, բայց իրականությունն այլ է:

Հղում ենք անում մասնագետներին, այսպես՝ հրապարակման մեջ նշված ծառերը իդեալական վիճակում են, պարզապես դրանց հյութաշարժը բավականին ուշ է սկսում և ծաղկում են հունիսի կեսերին: Հատկապես ալբիցիան 4-5 ամիս ծաղկման շրջան է ունենում:

Մեկնաբանությունում նշված ծառերի գները ևս իրականության հետ աղերս չունեն, դրանք վերաբերում են տասը տարեկան հասուն ծառերին:

Տնկարանի ընդլայնմանը զուգահեռ ձեռք են բերվել նաև համեմատաբար ցածր գնով փոքր ծառեր, որոնք տնկարանում աճեցնելուց և մեծացնելուց հետո, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս տեղափոխվել և տեղափոխվում են քաղաքի կանաչ գոտիներ: Այդ ծառերի սակագները տատանվում են 20 հազարից մինչև 35 հազար դրամ: Այս կերպ ձեռք են բերվել հազարավոր ծառեր, և տնկարանի միջոցով քաղաքը տնտեսումներ է ապահովել:

Նշենք նաև, որ Երևանում տնկվում են նաև բազմաթիվ ծառեր, թփեր և ծաղիկներ, որոնք բացառապես աճեցվել են համայնքային տնկարանում, մասնավորապես՝ աճեցվել է տարբեր տեսակի ավելի քան 10 հազար ծառ, ավելի քան 50 հազար ծաղկատեսակ և շուրջ 100 հազար թփատեսակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment