ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»

Քաղաքականություն

03.02.2026 | 11:52

Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Երևանի քաղաքական կուրսը չի ենթադրում անցում «Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնել ցանկացող միավորումների և դաշինքների չափանիշներին։ Այս մասին ասվում  է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների  հարցերին տված պատասխաններում», գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում կամ մեր երկրին «ռազմավարական պարտության» հասցնել ձգտող միավորումների և դաշինքների չափանիշներին վերակողմնորոշում»,- նշում է նախարարությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ ռուսական կողմը «բացահայտ փոխանցում է իր հայ գործընկերներին ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականը»։

«Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա ճնշում գործադրելով՝ կարելի  է փորձել վնասել մեր երկրին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment