Լուրեր |
Վերադարձված առարկաները թվագրվում են մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. III դարն ընկած ժամանակահատվածով։
ԱՄՆ իշխանությունները Իտալիային են փոխանցել երկրից ապօրինի դուրս բերված 337 հնագույն արտեֆակտ։ Ըստ Reuters-ի՝ սա վերջին տարիների մշակութային արժեքների վերադարձի խոշորագույն գործողություններից մեկն է։ Հավաքածուն ներառում է անտիկ հռոմեական և հունական քանդակներ, էտրուսկյան և եգիպտական ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են Նյու Յորքում և այլ քաղաքներում իրականացված հետաքննությունների արդյունքում։
Վերադարձված առարկաները թվագրվում են մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. III դարն ընկած ժամանակահատվածով։ Առավել արժեքավոր նմուշների թվում է Ալեքսանդր Մակեդոնացու՝ մ.թ. I դարի մարմարե գլուխը, որը գողացվել էր Հռոմից 1960 թվականին։ Ցուցակում ներառված են նաև բրոնզե քանդակներ Հերկուլանումից, եգիպտական արձաններ, հնագույն մետաղադրամներ և զարդեր։
Իտալիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ ցուցանմուշների մեծ մասը ձեռք է բերվել անօրինական պեղումների միջոցով և իրացվել միջազգային շուկաներում։ Գործընթացն իրականացվել է մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իտալիայի միջև գործող երկկողմ համաձայնագրի շրջանակում։