Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ

Քաղաքականություն

29.04.2026 | 18:26

Sky News-ի և BBC News-ի տվյալներով՝ Լոնդոնի հյուսիսում գտնվող Գոլդերս Գրին շրջանում  տղամարդու կողմից դանակահարության հետևանքով վիրավորվել է երկու մարդ, գրում է Meduza-ն։

Հարձակվողը ձերբակալվել է։ Շոմրիմի հրեական անվտանգության կազմակերպության տվյալներով՝ տղամարդը վազել է փողոցով և փորձել դանակահարել տարածքում բնակվող տեղի հրեական համայնքի անդամներին։ Նրան ձերբակալել են անվտանգության աշխատակիցները, որից հետո ժամանել է ոստիկանությունը և կասկածյալի դեմ կիրառել էլեկտրաշոկեր։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի խոսքով՝ երկու վիրավորներն էլ Լոնդոնի հրեա բնակիչներ են։ Նա հարձակումը անվանել է «զզվելի»՝ հավելելով, որ «հակասեմիտիզմը տեղ չունի հասարակությունում»։

Տեղացի բնակիչը BBC-ին ասել է, որ տուժողներից մեկը վիրավորվել է խանութի մոտ, իսկ մյուսը՝ փողոցում՝ սինագոգի մոտ։

Ինչպես նշում է Sky News-ը, սա Գոլդերս Գրինում վերջին ամիսներին տեղի ունեցած առաջին հակասեմական հարձակումը չէ։ Մարտին այնտեղ հրկիզվել էին հրեական համայնքին պատկանող շտապօգնության մեքենաներ։ Այս տարածքում բնակվում է մեծ հրեական համայնք։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment