Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի հարևանությամբ գտնվող չշահագործվող հանքախորշերում երեք անձ ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ են իրականացրել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև պայթուցիկ նյութեր և հանքաքարով լցված պարկեր, հայտնում է Քննչական կոմիտեն:
Սեպտեմբերին Ծավի բնակիչներից մեկը ծորակի ջրում մետաղական զանգված էր նկատել, ինչից հետո կրկնակի լաբորատոր հետազոտություններով ջրաղբյուրում և ծորակներում հաստատվել էր սնդիկի բարձր մակարդակ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, ձեռքի հորատման գործիքների միջոցով, ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ:
Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:
Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա` հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):
«Նրանցից մեկը կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորել էր չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակներով, իսկ գյուղ էր մատակարարվել այլընտրանքային ջուր (ցիստեռններով):