ՄԻՊ-ը կարևորում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը
Ապրիլի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վելես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության ոլորտին և այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրվող մտահոգիչ դեպքերին՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց վնասելու, կենդանիների մասնակցությամբ ապօրինի մարտերի կազմակերպման և անցկացման ու այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրների հետ։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը միայն կենդանիների պաշտպանության հարց չէ, այլ նաև հասարակության արժեքային համակարգի, իրավագիտակցության և հանրային պատասխանատվության մակարդակի կարևոր ցուցիչ։