ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» նախաձեռնության մեկնարկային հանդիպմանը
ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» նախաձեռնության մեկնարկային հանդիպմանը։
Ռուզաննա Գաբրիելյանն իր խոսքում անդրադարձել է մասնակցային բյուջետավորման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն քաղաքացիների ներգրավվածության կայուն և շարունակական բարձրացման արդյունավետ գործիք է։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ոչ միայն ձևակերպել ու բարձրաձայնել իրենց առաջնահերթությունները, այլև իրական մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում՝ նպաստելով առավել թափանցիկ, հաշվետու և հանրային պահանջներին արձագանքող բյուջետային համակարգի ձևավորմանը։
Նախաձեռնությունն իրականացնվում է ՀՀ Կառավարության և GIZ-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ։ Այն ուղղված է մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։ Մեկնարկային հանդիպման նպատակն է ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։