Որքանո՞վ է հայկական մեդիան պատրաստ ԱԲ-ի կիրառմանը. մեդիափորձագետների գնահատականը

Ինչպե՞ս օգտվել տեխնոլոգիական նորարարություններից՝ չկորցնելով լսարանի վստահությունը. «ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ


ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայկական մեդիան նոր մարտահրավերի առաջ է կանգնած։ Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է արագացնել աշխատանքը, կրճատել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը՝ միաժամանակ դառնալով ապատեղեկատվության տարածման միջոց։


Ինչպե՞ս օգտվել տեխնոլոգիական նորարարություններից՝ չկորցնելով լսարանի վստահությունը, և որքանո՞վ են հայկական խմբագրությունները պատրաստ դիմակայել ԱԲ-ով ստեղծվող կեղծ լուրերի հեղեղին։ Այս հարցերի շուրջ «ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ։


ԱԲ-ի ներդրումը մեդիայում


Ըստ մասնագետների՝ ԱԲ-ն կարող է արագացնել և էժանացնել աշխատանքը, հատկապես դիզայնի և կարճ տեքստերի պատրաստման ոլորտում, բայց այն ոչ մի դեպքում չի կարող լինել փոխարինող։


«ԱԲ–ն կարող է օգնել՝ ավելի թիրախավորված մարկետինգ իրականացնելու, SEO, SMM–ի պրոցեսներն ավելի արդյունավետ դարձնելու, արտադրական ցիկլն արագացնելու դրանով իսկ լսարան շահելու հարցում», – նշեց Պապյանը։


Մարտիրոսյանի կարծիքով, ԱԲ–ն թույլ է տալիս քչացնել աշխատուժը, ինչի արդյունքում ֆինանսները կօպտիմիզացվեն, և նույն քանակի գործը կարվի ավելի քիչ մարդկանցով։


ԱԲ–ն հայկական մեդիայում և էթիկայի կանոնները


Փորձագետները նշում են, որ հայկական մեդիան սովորաբար ակտիվ է նոր տեխնոլոգիաների փորձարկման մեջ, և ԱԲ-ի կիրառման դեպքում նույնպես արդեն երևում են նախանշանները։


«Կան լրատվամիջոցներ, որոնք շատ խորն են օգտագործում իրենց հետազոտությունների, հետաքննություններ համար, և թիմերը հատուկ թրեյնինգներ են անցնում։ Կան լրատվամիջոցներ, որ մակերեսային են օգտագործում նկարներ գեներացնելու համար», – նշեց Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ պատրաստ լինելու խնդիրներից մեկն այն է՝ որքանով է խմբագրությունը պատրաստ կրթել լրագրողներին։


Բացի այդ, կարևոր է նաև այն, թե որքանով է լրատվամիջոցը պատրաստ կիրառել էթիկայի կանոնները։


«Շատ քիչ խմբագրություններ կան, որ հստակ քաղաքականություն ունեն, թե իրենք որ դեպքերում են օգտագործում, որ դեպքերում չեն օգտագործում, ինչ են օգտագործում և այլն։ Այստեղ իհարկե, կարելի է ասել, որ լրատվամիջոցների պատրաստվածությունը շատ թույլ է», – պարզաբանեց Մարտիրոսյանը։


Պապյանի խոսքով, ավանդաբար հայկական մեդիան շատ առաջադեմ է եղել նոր տեխնոլոգիաներ փորձարկելու և օգտագործելու առումով։


Մեդիայի դերը ֆեյքերի դեմ պայքարում ԱԲ–ի դարաշրջանում


Մասնագետների կարծիքով, ապատեղեկատվության դեմ պայքարը միշտ պետք է լինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց ԱԲ կիրառման դեպքում՝ առավել ևս։


«Լրատվամիջոցները պետք է ունենան փաստերի ստուգման թիմ, որը հատուկ պատրաստված է հենց նման կեղծիքները բացահայտելու ուղղությամբ, հակառակ դեպքում խմբագրություններին գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու համոզվել, որ իրենք իրական, ոչ թե կեղծ նյութի հետ գործ ունեն», – ընդգծեց Մարտիրոսյանը։


Պապյանի կարծիքով, ԱԲ դարաշրջանը նաև հնարավորություն է տալիս ավանդական մեդիային վերագտնել լսարանի վստահությունը՝ դառնալով հենման կետ։


«Եթե մարդը տեսնում է ինչ-որ ինֆորմացիա և ուզում է ստուգել, նա կարող է վստահել մեդիային՝ պարզելու համար, թե դա իրական է, թե կեղծ։ Մեդիան պետք է իր ներդրումն ունենա կեղծ լուրերի դեմ պայքարում՝ դառնալով ստուգված, հավաստի տեղեկություններ տարածող աղբյուր», – նշեց Պապյանը։


 


 

Leave a comment