Ավտոարտադրողները կարող են հրաժարվել ԱՄՆ-ում բյուջետային մոդելների վաճառքից
Մի շարք համաշխարհային ավտոարտադրողներ քննարկում են ամերիկյան շուկայում բյուջետային մոդելների վաճառքից հրաժարվելու հնարավորությունը։The Wall Street Journal-ի տվյալներով՝ պատճառը Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև գործող առևտրային համաձայնագրի (USMCA) ապագայի շուրջ անորոշությունն է։Պարբերականի տեղեկություններով՝ մի քանի ավտոհսկաներ արդեն նախազգուշացրել են ԱՄՆ վարչակազմին, որ համաձայնագրի չերկարաձգման դեպքում կդադարեցնեն իրենց ամենամատչելի մոդելների վաճառքը։Խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ակտիվորեն առաջարկում են էժան ավտոմեքենաներ՝ Nissan, Toyota և Hyundai։Չնայած որոշ մոդելներ հավաքվում են ԱՄՆ-ում, այդ ընկերությունները մեծապես կախված են Մեքսիկայից և Կանադայից մատակարարվող պահեստամասերից։Եթե նախկինում այդ բաղադրիչները չէին հարկվում, ապա սակագնային փոփոխություններից հետո դրանց մաքսատուրքը հասել է մինչև 25 տոկոսի։Սա զգալիորեն բարձրացնում է արտադրության ծախսերը և ստիպում է ընկերություններին վերանայել իրենց ռազմավարությունը։Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում վաճառվող ամենամատչելի 10 մեքենաներից 8-ը արտադրվում են օտարերկրյա ընկերությունների կողմից։
Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ամերիկացի սպառողները շուկայում ավելի քիչ մատչելի տարբերակներ ունենան։