Գյոթեի ինստիտուտի նախագահ Գեշե Յոստը կազմակերպության՝ Ռուսաստանում իր մասնաճյուղերը փակելը անվանել է «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտ», գրում է DW-ն։
«Ռուսաստանում այն մարդկանց համար, ովքեր սովորում են մեր լեզուն և այցելում են մեր գրադարանները, տեղում մեր գործունեության դադարեցումը վատ նորություն է», – ասվում է Յոստի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գյոթեի ինստիտուտի կայքում։
Նշվում է, որ կազմակերպությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ գնահատում է իրավիճակը՝ «հետագա քայլերը համատեղ քննարկելու» նպատակով։
Գյոթեի ինստիտուտում, ի պատասխան DW-ի հարցման, պարզաբանել են, որ 2023 թվականից կազմակերպության մասնաճյուղերն աշխատում են կրճատված ձևաչափով։ Այժմ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Նովոսիբիրսկի երեք գրասենյակներում (ոչ թե Եկատերինբուրգում, ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը) աշխատում է 15 աշխատակից։
«Լեզվի դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ։ Մենք դեռևս ունենք գերմաներեն սովորողների մեծ թիվ՝ 10 հազար մարդ, անցկացնում ենք 22 հազար քննություն, իսկ մեր գրադարաններ այցելում է 6700 մարդ», – նշել է կազմակերպության մամուլի քարտուղար Կատրին Զոնսը։
Միաժամանակ, նա հավելել է, որ գերմանացի արվեստագետների հետ մշակութային փոխանակումն այս պահին իրականացվում է բացառապես թվային ձևաչափով։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի իշխանությունների՝ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը փակելու որոշման կապակցությամբ։ Որոշումը հաջորդել է ԳԴՀ իշխանությունների հայտարարությանը՝ Բեռլինում «Ռուսական տան» գործունեության վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը դադարեցնելու մասին։
«Սա հետագա վնաս է հասցնում մեր հարաբերություններին։ Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտը կարևոր մշակութային կամրջի դեր է կատարում, և մենք պատրաստ կլինեինք շարունակել այդ աշխատանքը», – սեպտեմբերի 3-ին Վեյմարում ֆրանսիացի և լեհ գործընկերների հետ հանդիպման շրջանակում ընդգծել է նախարարը։
Նա Ռուսաստանի իշխանությունների քայլն անհիմն է անվանել, քանի որ դրան նախորդած ԳԴՀ կառավարության՝ Բեռլինում «Ռուսական տունը» փակելու որոշումն ընդունվել էր Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած դիվերսիայի պատճառով, որի համար պատասխանատու է Ռուսաստանը։
Վադեֆուլը հավելել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև «ընդհանուր առմամբ միշտ եղել են լավ և բարեկամական հարաբերություններ»։ Սակայն, նրա խոսքով, «խնդիրը Ռուսաստանի ղեկավարությունն է՝ ներկայիս իրավիճակում»։ Նույն օրը՝ ավելի վաղ, Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի բոլոր մնացած մասնաճյուղերը փակելու մասին։
«Գերմանացիներն այստեղ Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղեր ունեն՝ և՛ Մոսկվայում, և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Եկատերինբուրգում։ Իհարկե, դրանք կփակվեն այն բանից հետո, երբ մեր մշակութային կենտրոնին այնտեղից դուրս մղեցին։ Հակառակ դեպքում մենք ինքներս մեզ չենք հարգի», -ասել էր նախարարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի