Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային

Քաղաքականություն

27.04.2026 | 22:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիմակովին ազատել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին ասվում է նախագահի հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Պուտինը գործակալության ղեկավար է նշանակել Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդուն՝ Իգոր Չայկային։ Նախկինում նա զբաղեցրել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, գրում է Meduza-ն։

Իգոր Չայկան հայտնի դարձավ Ալեքսեյ Նավալնիի 2015 թվականի հետաքննությունից հետո։ Այն վերաբերում էր Իգոր Չայկայի և նրա եղբոր՝ Արտյոմ Չայկայի բիզնեսներին և ունեցվածքին։

2022 թվականին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իգոր Չայկայի դեմ՝ Մոլդովայի ներքին գործերին միջամտելու համար։

Եվգենի Պրիմակովը նախկին լրագրող և Պետդումայի պատգամավոր է, խորհրդային քաղաքական գործիչ և դիվանագետ Եվգենի Պրիմակովի թոռը։ Պրիմակով կրտսերը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն գլխավորում էր 2020 թվականի հունիսից։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն Անկախ Պետությունների Համագործակցության, Արտասահմանում բնակվող Հայրենակիցների և Միջազգային Հումանիտար Համագործակցության Դաշնային Գործակալության կրճատ անվանումն է։ Կազմակերպությունը գործում է 2008 թվականից։ Այն ունի 87 արտասահմանյան ներկայացուցչություն 71 երկրներում։ Այս գրասենյակները ոչ պաշտոնապես անվանում են «Ռուսական տներ»։

«Важные истории»-ի հաշվարկների համաձայն՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն մինչև 2025 թվականն օտարերկրացիների համար նախատեսված ծրագրերի վրա ծախսել է 412 միլիոն ռուբլի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment