Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս համաձայնագրին նախորդել էր հանդիպում, որին մասնակցել են Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իսրայելում և Լիբանանում դեսպաններ Մայք Հաքաբին և Միշել Իսան, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Հանդիպումը շատ  հաջող է անցել։ Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ օգնելու նրան պաշտպանվել «Հըզբոլլահ»-ից»,- սոցցանցում գրել է  Թրամփը։

Նա նշել է, որ «անհամբեր սպասում է մոտ ապագայում հյուրընկալելու» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։

«Մեծ պատիվ էր մասնակցել այս պատմական հանդիպմանը»,- նշել է Թրամփը։

Օվալաձև սենյակում հանդիպման մասնակիցների հետ միասին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ հույս ունի՝ առաջնորդները կհանդիպեն ռազմական գործողությունների երեքշաբաթյա դադարի ընթացքում: Թրամփն ասել է, որ «մեծ հավանականություն» կա, որ երկու երկրներն այս տարի կհասնեն խաղաղության համաձայնագրի:

Ապրիլի 14-ին Վաշինգտոնում տեղի էին  ունեցել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 1993 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները: Հանդիպումից հետո երկու կողմերը քայլեր են ձեռնարկել ուղիղ խաղաղության բանակցություններ սկսելու ուղղությամբ, հայտարարել էր Պետքարտուղարությունը։

Ապրիլի 9-ին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ Բենիամին Նեթանյահուն հրամայել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել Իրանի դաշնակից ​​«Հըզբոլլահ» շարժման զինաթափման և երկրների միջև խաղաղ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment