ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր հաստատել է այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։

Առաքելությունը ձեւավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա եւ հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։
Առաքելության՝ 13 փորձագետներից բաղկացած հիմնական թիմը կգործի Երեւանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ։ 
Մեդիամաքսը նշում է, որ Յանեզ Լենարչիչը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին տնօրենն է, ինչպես նաեւ Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ նախկին հանձնակատարը:
Մայիսի 1-ից Հայաստանի տարածքում կաշխատեն 30 երկարաժամկետ դիտորդներ։ ԺՀՄԻԳ-ը նաեւ կտեղակայի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Հիմնական թիմի փորձագետներն ու երկարաժամկետ դիտորդները ԵԱՀԿ անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ են։
«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների եւ ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո: Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաեւ այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու», – ասել է Լենարչիչը։ 
Առաքելությունը սերտորեն դիտարկելու է ընտրությունների բոլոր հիմնական գործընթացները՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը (ներառյալ սոցիալական ցանցերում), քարոզարշավի ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը՝ ազգային, մարզային եւ համայնքային մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության հայտնաբերման համար իշխանությունների կողմից ներդրված ինստիտուցիոնալ մեխանիզմները, լրատվամիջոցների կողմից լուսաբանումը եւ ընտրական վեճերի լուծման գործընթացը։ Դիտորդները նաեւ գնահատելու են ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների իրականացման հարցում առաջընթացը։
«Մեր դիտարկման շրջանակներում հանդիպելու ենք ընտրական գործընթացներում ներգրավված եւ այդ գործընթացների ազդակիր հանդիսացող շահակիցների հետ (իշխանությունից եւ քաղաքական կուսակցություններից մինչեւ քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ եւ միջազգային հանրություն) ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում», – ասել է Լենարչիչը:
Ընտրությունների օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները կմիանան ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին։
Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ հաշվետվություն՝ հանրությանը եւ լրատվամիջոցներին տեղեկացնելու դիտորդական առաքելության գործունեության մասին։ Ընտրությունների հաջորդ օրը առաքելության նախնական եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն համատեղ կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։ Վերջնական հաշվետվությունը, որը տրամադրելու է համապարփակ գնահատական եւ գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում։
ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտարկել է 12 ընտրություն, որոնցից վերջինը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ 

Leave a comment