Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Բյուրեղավանի դեպքի մասին


Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:


Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:


«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:


Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:


Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:


Հեշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բնյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 


Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկնինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:

Leave a comment