Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին

«Այժմ կարևոր է հստակ և միանշանակ արձանագրել այս հանգամանքները։ Կարծում եմ՝ դա կօգնի Գերմանիայի և Ֆրանսիայի ընտրողներին հասկանալ, որ որոշ քաղաքական գործընթացներ նպատակաուղղված կերպով նախաձեռնվում են մեր հակառակորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բըրնհեմը հավելել է, որ անցած շաբաթ Բեռլին կատարած այցի ընթացքում ինքը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ասել է, որ պետք է օգնեն դիմակայել սպառնալիքին և, առաջին հերթին, այն քաղաքական պայքարի մեթոդներին, որոնց բախվել են։ Բըրնհեմի խոսքով՝ Մերցը հայտարարել է, որ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն «ակնհայտորեն կապված է Ռուսաստանի հետ» և, իր կարծիքով, ֆինանսավորում է ստանում նրանից։ Բըրնհեմը հավելել է, որ իրեն նաև հայտնել են, թե «Ռուսաստանից դեպի Գերմանիա ապատեղեկատվության և կեղծ տեղեկությունների հոսք է գալիս»։

2016 թվականին Brexit-ի վերաբերյալ հանրաքվեի ժամանակ բրիտանացիների աննշան մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն։ Դրան հաջորդել է երկարատև քաղաքական ճգնաժամ, իսկ Brexit-ը վերջնականապես իրականացվել է 2020 թվականի սկզբին։ Բըրնհեմը վերջերս այդ որոշումն անվանել է «աղետալի սխալ» և չի բացառել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու հնարավորությունը։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի մի շարք տարածքային կառույցներ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության կողմից ճանաչվել են որպես «հաստատված ծայրահեղ աջակողմյան կազմակերպություններ», վերջին շրջանում հաջողություններ է գրանցում տարածաշրջանային ընտրություններում։

Անցած շաբաթ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ այդ կուսակցության ներկայացուցիչը՝ Տոբիաս Ռաուշը, ստանձնել էր երկրամասի խորհրդարանի նախագահի պաշտոնը Սաքսոնիա-Անհալթում։

Դաշնային մակարդակում, ըստ հարցումների, այս կուսակցությունը վստահորեն առաջ է անցնում իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից։

Ֆրանսիայում էլ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2027 թվականի գարնանը։ Հարցումների համաձայն՝ վարկանիշային աղյուսակներում ներկայում առաջին տեղը զբաղեցնում է աջ պոպուլիստ Մարին Լը Պենը։

Leave a comment