Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական Artsakh Tourism & Culture Development Agency ՀԿ-ն հայտնել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի  քանդման մասին։ Այս մասին ասվում է Current time-ի անդրադարձում։

«Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը հանգեցրեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը։ Այսօր սա դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և ոչնչացման պլանավորված գործընթաց։ Ոչ միայն շենքեր են ոչնչացվում, այլև ժողովրդի ինքնությունը, նրանց անցյալը և ապագայի իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին հրապարակավ դատապարտել իրադարձությունները և բարձրացնել այս հարցը միջազգային հարթակներում։

Տաճարը հիմնադրվել է 2006 թվականին և օծվել 2019 թվականին։

Ապրիլի սկզբին հայկական մոնիթորինգային խումբը հայտնել էր մեկ այլ՝ Սուրբ Հակոբ եկեղեցու քանդման մասին։ Այն կառուցվել է 2007 թվականին։

«Ազատություն» ռադիոկայանի կողմից վերլուծված արբանյակային պատկերները հաստատում են եկեղեցիների քանդումը այս տարվա մարտի 3-ից ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում։

Ադրբեջանի իշխանությունները որևէ մեկնաբանություն չեն տվել եկեղեցիների քանդման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment