Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։
Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել էր տոկունության, միասնության և հավատքի խորհրդանիշ։
Ադրբեջանի կողմից իրականացվող ակնհայտ մշակութային ցեղասպանությունը չի կարող և չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։
Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ՝ համաձայնություն։
Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ևս վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, դա փաստացի վերածվում է «կանաչ լույսի»՝ շարունակելու նույն քաղաքականությունը։
Մեր մշակութային ժառանգությունը մեր ինքնության հիմքն է, և այն պաշտպանելը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի առաջ։
Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: