Ուղևորների կուտակումներ․ ի՞նչ է կատարվում «Զվարթնոց»-ում և ինչ քայլեր են ձեռնարկվում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջին օրերին ուղևորահոսքի ավելացմանն ու կուտակումներին զուգահեռ սպասարկման ծանրաբեռնվածությունն աճել է։

Պատճառը նոյեմբերի 2-7-ը գործող թռիչքային սահմանափակումներն են, որոնց հետևանքով ցերեկային ժամերին օդանավակայանում չվերթներ չեն իրականացվում, իսկ թռիչքներն ու վայրէջքները հիմնականում կենտրոնացվել են գիշերային ժամերին։

 

Իրավիճակի վերաբերյալ ահազանգեր են ստացվել նաև MediHub-ի խմբագրություն․ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են օդանավակայանում առաջացած կուտակումներից և հերթերից՝ բարձրացնելով հարցը, թե ինչպես է կազմակերպվելու ուղևորների սպասարկումը ստեղծված պայմաններում։

 

MediHub-ը կապ է հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և ուղևորների սպասարկումն առավել սահուն կազմակերպելու համար։

 

Մողրովյանը հայտնել է, որ գործող ժամային սահմանափակումների պատճառով գիշերային ժամերին թռիչքների և վայրէջքների հաճախականությունն ավելացել է։ «Ներկա պահին օդանավակայանում գործող ժամային սահմանափակումներով պայմանավորված՝ գիշերային ժամերին թռիչք-վայրէջքների հաճախականությունն ավելացել է: Ծանրաբեռնվածությունն, այո՛, մեծացել է, բայց ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները՝ ուղևորների սպասարկումն առավել սահուն կերպով կազմակերպելու համար»,- ասաց օդանավակայանի մամուլի խոսնակը։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment