Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է»։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումը և պարզել, որ Քոչարյանի ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նման հայտարարություն չի արել։
Միրզոյանը Հայաստանում հոգևորականների գործողությունների մասին խոսել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում։ Մասնավորապես, պատասխանելով Հայաստանում հոգևորականների կալանավորման մասին բրիտանական Պահպանողական կուսակցությունը ներկայացնող Սըր Էդվարդ Լեյի (Sir Edward Leigh) հարցին, Միրզոյանը պատասխանել էր հետևյալը․
«․․․ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀՀ որոշ քաղաքացիներ հրապարակավ կոչ են անում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը բռնի կերպով տապալել՝ հեղաշրջման միջոցով։ Հանրությունը կոչ է անում, ուշադրություն դարձրեք, հանրությունը կոչ է անում սպանել որոշ հայ առաջնորդների, այդ թվում՝ ինձ։ Ի՞նչ որոշում կկայացնեիք։ Ի՞նչ կանեիք այս իրավիճակում։
Ինձ համար Հայաստանը իրավական պետություն է։ Բոլորը, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգեն օրենքը, անկախ նրանից՝ հոգևորական են, քաղաքական գործիչ, պետական ծառայող, դիրիժոր, թե՞ արվեստագետ։ Կարոևոր չէ։
Հետևաբար, դատական գործընթացներ են ընթանում, և ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը։ Բայց մենք նաև տեսել ենք, լսել ենք այս հրապարակային կոչերը՝ պաշտոնանկության, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության բռնի հեռացման, ինչպես նաև սպանության կոչեր։
Սա տխուր իրականությունն է Հայաստանում։ Որոշ հոգևորականներ այսպես են վարվել»։
Արտապատկերումը՝ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից
Փաստացի Արարատ Միրզոյանը պատգամավորի հարցին պատասխանելիս ԵԽԽՎ նիստում չի խոսել եկեղեցու կողմից «իշխանություն վերցնելու» մասին։ Նախարարի ելույթում չկա պնդում, թե եկեղեցին որպես ինստիտուտ փորձում է իշխանություն վերցնել։ Նա խոսել է առանձին անձանց գործողությունների և իրավական գնահատականի մասին։
Հասմիկ Համբարձումյան
The post Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է appeared first on FIP.AM.