Բիբլոս Բանկ Արմենիան, ավանդույթի համաձայն, միացել էր Career City Fest լավագույն գործատուների փառատոնին։ Այս տարի բանկը հովանավորում էր միջոցառման ամենաօգտակար եւ կրթական հարթակներից մեկի՝ զարգացման գոտու (Growth Zone) «Gen-Z» սեսիան։
Բանկից հայտնել են, որ երկու օր շարունակ Growth Zone-ում տեղի են ունեցել թեմատիկ սեմինարներ եւ քննարկումներ, իսկ այցելուները հնարավորություն են ունեցել անվճար մասնակցել մասնագիտական կողմնորոշման, ուսուցման եւ հմտությունների զարգացման ելույթներին։
Զարգացման գոտու բանախոսներից էր նաեւ Բիբլոս Բանկ Արմենիայի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը՝ «AI-ը չի խլում աշխատանքը. այն փոխում է մտածողությունը» թեմայով ելույթով։ Քննարկման շրջանակում նա անդրադարձել է AI-ի ազդեցությանը եւ կայուն աճի հեռանկարներին, բաց ու անկեղծ խոսել, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր մտածողությունը, եւ թե ինչու է «փոխարինելի» լինելու խնդիրը կապված ոչ թե աշխատանքի, այլ անհատական մոտեցման եւ զարգացման հետ։
Growth Zone այցելած մասնակիցները ստացել են նոր ու խիզախ գաղափարներ տասնյակ փորձագետներից, հնարավորություն բացահայտելու հետաքրքիր նոր ուղղություններ, գործնական խորհուրդներ՝ կարիերայում հաջողելու համար:
«Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես ֆինանսական գործունեություն ծավալող ընկերություն, մեծապես կարեւորում է կրթության դերը անձի զարգացման, ինքնաճանաչման գործում։ Յուրաքանչյուր աշխատակցի համար բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում եւ ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների։ Կրթությունը նաեւ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղությունն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: