Եկեղեցու վրա հարձակումը սարերի հետևում չէ. Փաշինյանի այսօրվա հայտարարության հետքերով

Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականները հայտարարագիր չեն լրացնում․ այսօր նման հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցուն վերաբերող հատվածը։

Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է կրոնագետ Վարդան Խաչատրայանի հետ՝ հասկանալու, թե ինչ հիմքեր ունի եկեղեցու հարկման հարցը, և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Կրոնագետի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, և դրա ֆինանսական բնույթը չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով։

«Համաշխարհային կառույց է Հայոց առաքելական եկեղեցին, և ելնելով դրանից՝ այն կարող է ունենալ նվիրատվություններ, որոնք կարող են վերաբաշխվել նույնիսկ արտասահմանում»,- նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով պետություն–եկեղեցի տարանջատման սկզբունքին՝ նա ընդգծեց, որ Հայաստանի դեպքում եկեղեցու հարկումը կարող է հակասել այդ սկզբունքին։

«Հայաստանի դեպքում՝ այո, սակայն խոսքը չի վերաբերում լոկալ եկեղեցիներին, ինչպիսիք կան Եվրոպայում»,- պարզաբանեց կրոնագետը։

Ըստ կրոնագետի՝ նման նախաձեռնությունը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ՝ սկսած տնտեսականից, ավարտված քաղաքականով։


«Կարող է լինել ֆինանսական պատճառ՝ բյուջեն համալրելու համար, կարող է արվել եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչը ճիշտ չէ և կարող է հակասություններ առաջացնել եկեղեցի–պետություն հարաբերություններում»,– նշեց Խաչատրայնը։

Հարցին՝ արդյո՞ք հոգևորականները պետք է ունենան նույն հարկային պարտավորությունները, ինչ մյուս քաղաքացիները, Խաչատրայանը պատասխանեց՝ նախ պետք է հասկանալ եկամտի բնույթը։

«Երբ ասում ենք՝ հայտարարագիր լրացնի, պետք է հստակ լինի՝ ինչի՞ հիման վրա։ Եկամտի՞, արտասահմանյան նվիրատվությունների՞։ Սա նույնն է, ինչ կաթոլիկ եկեղեցուն հարկել։ Այդ դեպքում այն չի կարողանա կատարել իր համաշխարհային գործառույթը։ Նույնն է նաև Հայ առաքելական եկեղեցու դեպքում»,- ասաց կրոնագետը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «ախտահարված է» և առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է նաև այս հարցը լուծի։ Այս հայտարարությանը կրոնագետը վերաբերում է քննադատաբար՝ հարցադրելով դրա տրամաբանությունը։

«Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, և ի՞նչ կապ ունեն պետական ընտրությունները Էջմիածնի հետ։ Կաթողիկոսին ընտրում է ոչ թե Հայաստանի բնակչությունը, այլ համայն հայությունը»,- եզրափակեց խոսքը Խաչատրյանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment