Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը

Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են  համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։

Հանդիպումը վարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նիստին մասնակցել է նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հստակեցվել են առաջիկա քայլերը, տարբեր գերատեսչությունների և պատասխանատու կառույցների միջև աշխատանքների բաժանումը։

Քննարկվել են յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունների շրջանակում գտնվող տեխնիկական մի շարք հարցեր, համաժողովի անցկացման վայրին և տեխնիկական ապահովմանը վերաբերող նախնական կազմակերպչական քայլերը, տեղեկատվական և աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարման մեխանիզմները։

Նիստի ընթացքում յուրաքանչյուր պատասխանատու ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո իրականացված աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։

«COP17-ի արդյունավետ կազմակերպումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք, ժամկետների խիստ պահպանում և բոլոր ներգրավված կառույցների սերտ համագործակցություն։ Այս փուլում մեր առաջնահերթությունը հստակ գործողությունների պլանի ձևավորումն է և պատասխանատվությունների ճիշտ բաշխումը», – նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Քննարկումների արդյունքում նախանշեվել են կոնկրետ քայլեր և ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված COP17 համաժողովի կազմակերպման գործընթացի արդյունավետ իրականացմանը։

Հունվար 30, 2026 at 16:18

Leave a comment